Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոփոխություն կատարեց իր որոշման մեջ, որպեսզի Սիրիայում, Լիբանանում և Իրաքում գործող ՀՀ դեսպանություններից և հյուպատոսական հիմնարկներից առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր հնարավոր լինի ստանալ մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը:
Այս մասին հարցը կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
«Կառավարության որոշմամբ սահմանվել է, որ Սիրիայի Արաբական Հանրապետության, Լիբանանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր կարող է տրվել այդ պետություններում ՀՀ դեսպանություններում կամ հյուպատոսական հիմնարկներում: Ինչպես նաև սահմանվել է, որ նշված որոշման գործողությունը տարածվում է մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ը: Հաշվի առնելով հիշյալ պետություններում ներքին իրավիճակն ու շարունակվող լարվածությունը՝ անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել վերոնշյալ գործողության ժամկետը, որպեսզի Սիրիայում, Լիբանանում և Իրաքում բնակվող քաղաքացիները շարունակեն հնարավորություն ունենալ առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ մեր դեսպանություններում ու հյուպատոսական հիմնարկներում: Նախագծով առաջարկվում է որոշման գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը»,- ասաց Ադոնցը: