15-ամյա Էմիլի Էքլսը օգոստոսին ընկել էր ձիուց ընտանեկան զբոսանքի ժամանակ եւ լուրջ վնասվածք ստացել։ Ավտոմեքենայի ծխարձակող խողովակի աղմուկից վախեցած ձին սլացել էր մեծ արագությամբ։ Սանձափոկերը կորցրած աղջիկն ընկել է եւ գլխով հարվածվել փայտե սյունին։ Աղջկա ստորին ծնոտը պոկվել էր դեմքից եւ կպած էր մնում միայն մաշկի մեկ սանտիմետրանոց շերտով։ Որպեսզի այն լիովին չպոկվի, աղջիկն այն պահել էր ձեռքերով։
Նրան հասցրին Շեֆիլդի մանկական հիվանդանոց եւ կանչեցին դիմային վիրաբուժության մասնագետի։ Աղջկան զննեց բրիտանացի վիրաբույժ Ռիկարդո Մոհամեդ-Ալին, որը խոստովանեց, որ ռազմական գործողությունների գոտուց դուրս երբեւէ իր տեսած ամենավատ վնասվածքն էր դա։
«Պատահում է՝ գալիս են պացիենտներ դիմոսկրի ճաքերով, բայց նման բան դեռ չէի տեսել։ Ես եկա հիվանդանոց եւ տեսա Էմիլիին։ Նրա ստորին ծնոտը կախված էր մի թելից, ծնոտի ձախ մասը լրիվ կոտրված էր»,- պատմել է վիրաբույժը։
Ինչպես ներկայացնում է BBC-ն, ինքը՝ Էմիլին, մտածում էր, որ վիճակն անհուսալի է, եւ անգամ չէր հավատում, որ կկարողանա երբեւէ ապրել նախկին կյանքով։ Բայց արդեն սեպտեմբերին, պատահածից ընդամենը մեկ ամիս հետո, աղջիկը վերադարձավ դպրոց։
Բժիշկների թիմը՝ Ռիկարդո Մոհամեդ-Ալիի գլխավորությամբ, կարողացավ վերականգնել Էմիլիի դեմքը 3 տիտանե շերտերի եւ 160 կարերի օգնությամբ։ Վիրահատությունը տեւեց 5,5 ժամ։
Այժմ աղջիկը վերադարձել է նորմալ կյանք։ Վնասվածքի մասին միակ հիշեցումը ստորին շրթունքի թեթեւ ծռությունն է։ Զգայականությունը մասնակի է վերադարձել, քանի որ վնասվել է նյարդը։
Վերջերս աղջիկը նամակ է գրել Եղիսաբեթ II թագուհուն՝ խնդրելով բժիշկ Ռիկարդո Մոհամեդ-Ալիին շնորհել Բրիտանական կայսրության ասպետի կոչում։
«Մարդկանց վաստակը, որոնք փրկում են ուրիշներին եւ նրանց նորմալ կյանքով ապրելու հնարավորություն են տալիս, պետք է ինչ-որ կերպ նշվի եւ ճանաչվի»,- կարծում է Էմիլին։
Թագուհու գրասենյակից շատ արագ պատասխան է ստացվել, որում Նորին Մեծության քարտուղարն աղջկան տեղեկացնում է, որ նրա հարցումը հանձնվել է համապատասխան վարչության դիտարկմանը։
NEWS.am Medicine