Սերժ Սարգսյանի պատասխան նամակի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հետ: Քաղաքագետը նախ և առաջ շեշտեց, որ անթույլատրելի է հացադուլ հայտարարած գործչի առաջ նախապայման դնել հացադուլի դադարեցումը, և որ նման բան աշխարհում չկա. «Իմ կարծիքով, այն քաղաքական գործչին, որ ինչ-որ պահանջով հացադուլ է հայտարարել, դնել նախապայման և իր կողմից առաջարկած պահանջները քննարկել միայն հացադուլը դադարեցնելու դեպքում, դա անթույլատրելի է և աշխարհում նման քայլ չի լինում»:
Ղուկասյանը շեշտեց, որ Սերժ Սարգսյանը կարող է ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի առաջ քաշած պահանջները, ինչը և կարող է հիմք հանդիսանալ վերջինիս համար իր հացադուլը դադարեցնելու համար, իսկ մերժման պարագայում անիմաստ և անտեղի են նախապայմանները. «Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները կոնկրետ առաջարկներ են և եթե Սերժ Սարգսյանը գտնում է, որ կարող է ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը, ապա սա հիմք է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնի իր հացադուլը, եթե չէ՝ Սերժ Սարգսյանի առաջարկը հացադուլը դադարեցնելու մասին բովանդակություն չունի և, նորից եմ ասում, անթույլատրելի է նախապայման առաջ քաշել»:
Աղասի Մարգարյան