Նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներին նախագահ Սերժ Սարգսյանն իրականում պատասխանում է նախապայմանների լեզվով՝ փոխանակ կոնկրետ ասի՝ ընդունո՞ւմ է այդ առաջարկները, թե ոչ, ասում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը։
Tert.am-ի հետ զրույցում նա ասաց, որ մտավախություն ունի, թե այդ ձևով Սերժ Սարգսյանը, միգուցե, փորձ անի Րաֆֆի Հովհաննիսյանին ծուղակը գցել, իսկ հետո ասել, որ «չունեմ քո հետ բանակցելու»:
«Բանակցությունների հրավերով փորձել դուրս բերել Րաֆֆի Հովհաննիսյանին հացադուլից, հետո քննարկել: Դա ակնհայտորեն զրկում է Րաֆֆի Հովհաննիսյանին հետագա քայլերից և, ըստ էության, մեծ ռիսկ է: Եվ հետագան միայն Սերժ Սարգսյանի խոսքից է մնում կախված. Սերժ Սարգսյանը կարող է ասել, որ չունեմ քո հետ բանակցելու, հացադուլից դուրս ես եկել, լավ ես արել, դե գնա տուն և դրանով ամեն ինչ ավարտվի»,- հնարավոր տարբերակները ներկայացրեց Անդրիաս Ղուկասյանը:
Ամեն դեպքում, ՀՀ նախագահի նախկին թեկնածուի խոսքով՝ երկխոսությունը քաղաքակիրթ ճանապարհ է՝ բոլոր քաղաքական ճգնաժամերը հաղթահարելու համար։
Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը պետք է որոշում կայացնի և անհապաղ հայտարարի, թե Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներից որ մասն է ընդունում, ինչից հետո արդեն Րաֆֆի Հովհաննիսյանի համար պարզ կլինի, թե իր քաղաքական ծրագիրը կատարվա՞ծ է և ըստ այդմ՝ կարո՞ղ է դադարեցնել հացադուլը, թե ոչ:
Ի պատասխան հարցադրման, որ կան և գերիշխող են դառնում տեսակետները, թե այդ առաջարկները նման են պարզ առևտրի, Անդրիաս Ղուկասյանը արձանագրեց, որ մի կողմից բարձրացվում է հարցը բանակցություններով լուծելու անհրաժեշտություն, մյուս կողմից ասում են, որ ընթանում է առևտուր:
«Բնական է, որ բանակցությունները կարող են նման կարծիք ստեղծել։ Իսկ որ նմանվում են առևտրի, դա կարող է ընկալվել այն մարդու տեսակետից, ով այս համակարգի նկատմամբ ունի անվստահություն»,- ասաց նա՝ արձանագրելով, որ այս տեսակ իշխող կուսակցության հետ բանակցությունների ռիսկը մեծ է:
Անդրիաս Ղուկասյանը նկատեց, թե քանի որ հասարակությունը բազմիցս տեսել է, թե ինչպես է նման բանակցությունների ելքը թեքվում հօգուտ իշխանությանը, ապա հանրության մեջ կա նման անվստահության։
Այսուհանդերձ, ՀՀ նախագահի նախկին թեկնածուն անխուսափելի է համարում բանակցությունները, հատկապես եթե համամիտ ենք այն մտքի հետ, որ երկիրը պետք է զերծ պահել բախումներից և մեր բոլոր խնդիրները լուծել Սահմանադրության շրջանակներում:
«Ներառյալ և անհնազանդությունը: Իհարկե, պետք է համբերությամբ լցվենք այդ տեսակ բանակցությունների հանդեպ»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Ի՞նչը կստիպի իշխանությանը գնալ զիջումների կամ գալ ազատության հրապարակ, մանավանդ որ Սերժ Սարգսյանն ասում է, որ Ազատության հրապարակում 3000 մարդ է հավաքված: Այս հարցին ի պատասխան՝ Անդրիաս Ղուկասյանն ասաց .«Ասում էր 3000, հասկանալի էր, որ նկատի ուներ այլ երկրում՝ այլ հրապարակ։ Այն երկրում, որ ապրում է, կա այլ իրողություն, և Սերժ Սարգսյանը կամ պետք է ճանաչի, (որ ժողովրդի մեջ մեծ բողոք կա – Tert.am) կամ պետք է չճանաչի»:
Անդրիաս Ղուկասյանի պատկերավոր ձևակերպմամբ՝ չճանաչելու դեպքում Սերժ Սարգսյանի «քաղաքական մեքենան վթարի» կենթարկվի։ «Ի՞նչ բան է վթար, դա այն է, երբ մարդիկ ադեկվատ չեն գնահատում իրողությունը: Այն, որ այլևս հանրությունն ավելի անհանդուրժող է վերաբերվում իշխող կուսակցությանը»,- վթարի իր բացատրությունը տվեց ՀՀ նախագահի նախկին թեկնածուն:
Նա հավելեց, որ այսօր Սերժ Սարգսյանը ներկայացնում է որոշ շրջանակների շահերը, այդ թվում՝ մի քանի պետության, միջազգային կազմակերպությունների, «հայաստանյան օլիգարխիկ և հանցավոր խմբերի շահերը»: Դրա համար է նա, ըստ Անդրիաս Ղուկասյանի, Բաղրամյան 26-ում։
Ըստ նրա՝ հանրությունը կանգնած է իր հոգեբանական ռեսուրսների եզրին, բայց մյուս կողմից նա ունի ցանկություն՝ ապրել ժամանակակից կյանքով, ի հեճուկս քրեաօլիգարխիկ համակարգի, որը մարդկանց ստիպում է ապրել հետամնաց կյանքով:
Մի բան Անդրիաս Ղուկասյանի համար պարզ է՝ քանի դեռ ՀՀԿ-ն է հարթակում, դա կշարունակվի։