Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչներն այսօր բողոքի ցույց են կազմակերպել: Նրանք դժգոհում են խաղողի մթերման ցածր գներից։ Պնդում են, որ այս տարի Պռոշյանի կոնյակի գործարանն առաջարկում է խաղող գնել անցած տարվա համեմատ կրկնակի ցածր գնով։ Գործարանը «խարջի» տեսակի խաղողի 1 կգ–ը անցած տարի գնել էր 470 դրամով, իսկ հիմա 225 դրամ է առաջարկում։ Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է Արենի խոշորացված համայնքի (Աղավնաձոր գյուղն ընդգրկված է այդ համայնքում) ղեկավար Հուսիկ Սահակյանի հետ:

Նա չգիտի ու չի գտնում հիմնավոր պատճառ խաղողի գնի նվազման համար. «Ենթադրենք  պահանջարկն է քիչ, բայց այս տարի խաղողը անցած տարվանից քիչ է: Մենք մտածում էինք, որ գոնե անցած տարվա գնից 10-15 դրամով ավել վճարվեր մեկ կիլոգրամի համար: Մենք ունեինք նաև նախնական պայմանավորվածություն, որ Արենի տեսակի խաղողը ավելի բարձր գնով պիտի մթերվի»:

Համայնքապետն այսօր հեռախոսազրույց է ունեցել Էկոնոմկայի փոխնախարարի հետ, ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի, երկուշաբթի օրը նախարարը կհանդիպի բողոք ներկայացնող գյուղացիների հետ. «Երկուշաբթին արդեն իսկ ուշ է, բայց ինչ արած, պիտի սպասենք: Մեր միակ հույսն այն է, որ կգանք ընդհանուր եզրահանգման: Ժողովուրդը պահանջում է խաղողը մթերել մինիմումը 300 դրամով»:

 

Այն հարցին, թե ինչ քայլերի կգնա ժողովուրդը, եթե իրենց պահանջը չկատարվի, համայնքապետը պատասխանեց. «Ես չեմ ուզում հավատալ, որ որևէ կոմպրոմիսի չենք գա: Ամեն դեպքում ժողովուրդը պատրաստ է գնալ ինձ համար անընդունելի, ծայրահեղ քայլերի»:

Համայնքապետն այսօր մինչև ցերեկ կարողացել է ժողովրդին թույլ չտալ ճանապարհներ փակել, դրանից հետո իրավիճակը կայուն պահել նրան չի հաջողվել. «Ես մինչև ցերեկը ժամը երեքը չթողեցի, որ ճանապարհ փակեն, դրանից հետո մի պահ հասցրին իջնեն, փակեն, նորից իջա, խնդրեցի բացեցին: Խոսել եմ, խնդրել եմ մինչև երկուշաբթի համբերեն, գնանք, տեսնենք ինչպես է լուծվում էս խնդիրը»:

Անդրադառնալով վարչապետի՝ օրեր առաջ արած հայտարարությանը, թե սա միակ տարին է, որ խաղողի մթերման համար բողոքի ակցիաներ չեն եղել, Սահակյանն ասաց, որ իրենց կարծիքով Փաշինյանին ճիշտ ինֆորմացիա չեն տալիս. «Ա՜խր, խնդիրը միայն մեզ մոտ չէ, միայն մեր մարզում չէ: Ամեն տարվա նման, էս տարի էլ խնդիր կա մթերման և՛ չափի, և՛ գնի հետ: Պիտի մի եղանակ գտնեն, որ ամեն անգամ էս խնդրի առաջ չկանգնենք: Թող պայմանագիր կնքեն մեզ հետ, հստակ ասեն ինչքան կմթերեն, քանիսով կմթերեն, մենք էլ գոնե իմանանք ինչի մեջ ենք ներդրում անում»:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am