Արտաշատի բժշկական կենտրոնում ժամը 15։00-ի դրությամբ անհրաժեշտ բժշկական օգնություն է ստանում սննդային թունավորումով 23 աշակերտ։ Ավելի վաղ նրանց թիվը 19 էր:
Հիվանդանոցի «Ֆեյսբուք»-ի էջում նշված է, որ հոկտեմբերի 15-ին Արտաշատի թիվ 5 դպրոցից բժշկական կենտրոն են տեղափոխվել երեխաներ՝ սննդային թունավորում ունենալու կասկածանքով: Համապատասխան բուժզննում անցնելուց հետո, երեխաների մոտ ախտորոշվել է սուր սննդային թունավորում, որը գնահատվում է թեթև և միջին ծանրության: «Երեխաները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, իրավիճակը վերահսկվում է»,-հայտնում են ԲԿ-ից:
ԲԿ է այցելել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանի և պատասխանատուների հետ այցելել է երեխաներին, տեղեկացել նրանց ինքնազգացողության մասին, զրուցել ծնողների հետ:
Ավելիի վաղ ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ Արտաշատի թիվ 5 դպրոցում սննդային թունավորման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կոմիտեից նշել էին, որ շուրջ 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ տեղում ձեռնարկվել են միջոցառումներ, որի արդյունքում պարզվել է, որ երեխաները կերել են նրբերշիկով պատրաստված պիցցա։ Երեխաներից վերցվել են նմուշառումներ լաբորատոր հետազոտությունների համար, ինչպես նաև նմուշներ են վերցվել դպրոցի խոհանոցից և պիցցայի մնացորդներից։ Միաժամանակ, դեպքի առնչությամբ աշխատանքներ են իրականացվում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից։ Դպրոցում դադարեցվել է պիցցայի վաճառքը։