Րաֆֆի Հովհաննիսյանը չշտապեց պատասխանել Սերժ Սարգսյանին ու խոստացավ դա անել ավելի ուշ՝ գրավոր: Հովհաննիսյանը բնականաբար կհրապարակի իր պատասխանը՝ մինչ այն ուղարկելը, քանի որ խոստացել է, որ այլեւս ոչ մի փակ զրույց կամ շփում չի ունենալու իշխանության կամ այլ կուսակցությունների հետ:
Պետք է ենթադրել, որ Սերժ Սարգսյանն իր պատասխանով անակնկալի է բերել Հովհաննիսյանին, եւ նա չի սպասել, որ հարկ կլինի պատասխանել այդօրինակ մի պատասխանի: Այլապես, Րաֆֆի Հովհաննիսյանը կարող էր ունենալ իրադարձության այդպիսի զարգացման տարբերակ եւ չուշացներ իր պատասխանի հրապարակումը: Չի բացառվում նաեւ, որ Հովհաննիսյանն ուներ իրադարձությունների այդպիսի զարգացման համար նախատեսած տարբերակ, բայց նրա խնդիրն այլ է:
Րաֆֆի Հովհաննիսյանի համար Սերժ Սարգսյանին պատասխանելը գուցե այդքան բարդ չէ, որքան այդ պատասխանը Ազատության հրապարակի իր համակիրների եւ գործընկերների համար բացատրելը եւ հիմնավորելը, եթե ընդունվում է արված առաջարկների հիմքով Սերժ Սարգսյանի հետ բանակցելու եւ առավել եւս հացադուլը դադարեցնելու տարբերակը:
Ինչ կանի Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պարզ չէ, բայց ակնհայտ է, որ նրա անելիքը՝ հրապարակի հետ հաղորդակցության առումով, բավական բարդ է, առավել եւս, որ արդեն իսկ բավական ուժգին հոգեբանական գրոհ է սկսել Րաֆֆի Հովհաննիսյանի ուղղությամբ, հատկապես ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի շրջանակներից, որոնց ծրագրերի մեջ ամենեւին չի մտնում Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի բանակցությունը:
Այդ բանակցությունը ստվերելու է «ճակատամարտը Երեւանի» համար, եւ որքան էլ որ հայտարարվում է, որ Երեւանը դա Հայաստանի կեսն է եւ հաղթանակի դեպքում կլինի ՀՀԿ-ի մենաշնորհի հակակշիռ, այդուհանդերձ կա անկյունաքարային մի բան՝ Սահմանադրությունը, որով Երեւանի քաղաքապետը օժտված է ընդամենը ՏԻՄ ղեկավարի լիազորությամբ եւ կառավարման լծակների տեսանկյունից անհամեմատ զիջում է կենտրոնական իշխանությանը:
Հայաստանում իհարկե Սահմանադրություն եւ օրենքներ չեն գործում, բայց այնքան, քանի դեռ դրանք պետք չեն կենտրոնական իշխանությանը: Հենց դրանք պետք են լինում, ապա սկսում են գործել իրենց «ամբողջ խստությամբ»: Հետեւաբար, Երեւանի համար ճակատամարտի ելած ուժերը լավ են պատկերացնում, որ այդ ընտրությամբ լուծվող գլխավոր խնդիրը լինելու էր ընդամենը ընդդիմության դաշտում առաջատարի դիրքերի համար պայքարը եւ այդ դիրքերը վերադարձնելը՝ 2017-18 թվականների համար ակտուալ եւ կենսունակ մնալու, եւ նաեւ խորհրդարանի արտահերթ ընտրություն թույլ չտալու հեռանկարով:
Երբ Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը բանակցություն են սկսում, ապա դա թեկուզ իմիտացիոն բնույթի պարագայում արդեն իսկ ենթադրում է Ժառանգության ճանաչում՝ որպես ընդդիմադիր դաշտի առաջատար: Ընդ որում, նաեւ ինչ որ առումով միջազգային ճանաչում: Իսկ դա արդեն կարող է բերել այդ ճանաչման ամենատարբեր ֆորմալացումների: Ու թեեւ կարող է գալ մի պահ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ զարգացումներում կարող է որոշակիորեն կորցնել հանրային հենարանի մի մաս՝ առավել եւս, որ այդ հենարանում կան ռադիկալ եւ անզիջում տրամադրված շատ խմբեր եւ կարեւոր անհատներ, բայց դա արդեն կարող է մեծ նշանակություն չունենալ, քանի որ ֆորմալացումը այլեւս բերելու է լիովին նոր իրավիճակի, երբ անգամ ձախողումը չի նշանակելու դարձ ի շրջանս կամ վերադարձ դեպի հետին ստատուս-քվո:
Խնդիրն առավել եւս բարդանում է, եթե Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվի աշխույժ եւ կենսունակ պահել հրապարակը եւ փաստացի Սերժ Սարգսյանի հետ բանակցել ոչ թե որպես Րաֆֆի Հովհաննիսյան, այլ որպես ժողովրդի միջնորդ, ներկայացուցիչ, ինչպես հենց ինքը Հովհաննիսյանն է այլ առիթով հայտարարել:
Այդ դեպքում արդեն, բանակցությունը կլինի ոչ թե իմիտացիա, այլ զգալիորեն իրական գործընթաց, ինչն իհարկե էլ ավելի անցանկալի է «Երեւանի ճակատամարտի» ելած ուժերի համար:
Սակայն մինչ այդ Րաֆֆի Հովհաննիսյանն իհարկե պետք է լուծի գլխավոր խնդիրը՝ հիմնավոր կերպով բացատրի, թե ինչու է ընդունելու Սերժ Սարգսյանի առաջարկությունը, եթե իհարկե ընդունելու է, եւ ոչ թե հակառակը՝ պատրաստվում է գրավոր մերժել:
Թեեւ, հավանականը ոսկե միջին տարբերակն է, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը կհամաձայնի բանակցել, բայց նաեւ որոշակի պայմաններ ու վերապահումներ կբարձրաձայնի, որպես երաշխիք, որ երբ Սերժ Սարգսյանը նահանջի, նահանջի տեղ ունենա նաեւ ինքը:
Ընդհանրապես, թե Սերժ Սարգսյանին, թե Րաֆֆի Հովհաննիսյանին քաղաքական իմաստով արագ բանակցությունը շահեկան չէ, առավել եւս, որ ակնհայտ է գոնե առայժմ այդ բանակցության գործնականության պոտենցիալի սղությունը: Բանակցությունը նրանց համար այս պահին առավել անհրաժեշտ է որպես արարողակարգային գործընթաց, հետեւաբար երկուստեք նախընտրելի կլինի փոխադարձ ակտերով որքան հնարավոր է ձգել նախաբանը՝ առնվազն Երեւանի Ավագանու ընտրությանը զուգահեռ: