Երկու նոր թայֆուն է մոտենում Ճապոնիայի ափերին, որտեղ դեռ չեն ավարտվել նախորդ թայֆունի՝ «Հագիբիսի» հորդ անձրեւներից առաջացած հեղեղումների եւ սողանքների հետեւանքների վերացման աշխատանքները, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչությանը։
Ինչպես սպասվում է, այս սեզոնում քսաներորդ թայֆունը՝ «Նեոգուրին», կհարվածի հարավարեւմտյան ափին եւ Տոկիոյին հոկտեմբերի 22-ի առավոտյան։
Քամու արագությունը կհասնի 45 մետր վայրկյանի, թայֆունի կենտրոնում ճնշումը կկազմի 985 հեկտոպասկալ (սնդիկի սյան 739 միլիմետր)։
Եվս մեկ թայֆուն՝ «Բուալոյը», ճապոնական դասակարգմամբ՝ 21-րդը, նույնպես գալու է հարավից եւ Ճապոնիայի արեւելք կհասնի հոկտեմբերի 26-ի գիշերը։ Քամու արագությունը կարող է հասնել 50 մետր վայրկյանի, ճնշումը կենտրոնում կկազմի 970 հեկտոպասկալ (սնդիկի սյան 727 միլիմետր)։
Մի քանի օր առաջ Ճապոնիայի կենտրոնում տեղի էր ունեցել վերջին մի քանի տասնամյակում ամենաուժեղ թայֆունը՝ «Հագիբիսը», որն ուղեկցվում էր փոթորկոտ քամիներով եւ հորդ անձրեւներով։ Դրա զոհ դարձավ 79 մարդ, եւս տասը հոգի մինչեւ այժմ համարվում է անհետ կորած, տուժածների թիվը մոտենում է 400-ի։