«ՊՊԳՎ-ում ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստով նյութեր են նախապատրաստվում։ Նյութերի ամբողջականությունը ստուգելու նպատակով ՀՖՖ հարցումներ են ուղարկվել»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվական բաժնից՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ոստիկանության 6-րդ վարչությունը գործողություններ է կատարել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայում։
Ոստիկանությունից փոխանցեցին նաև, որ այլ գործողություն չի կատարվել։
Նշենք՝ օրեր առաջ FIP.am-ն անդրադարձել էր ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընկերություններին, որոնք տարիներ շարունակ եղել են ֆուտբոլի ակադեմիաների կառուցապատողները։
Հոդվածում նշվում է, որ 2007թ.-ից Հայաստանում կառուցվել են ֆուտբոլային ակադեմիաներ, որոնցից առաջինն Ավանի ֆուտբոլի ակադեմիան էր։ Վերջին 12 տարում կառուցվել է 4 ակադեմիա, դրանց կառուցումը հիմնականում ֆինանսավորվում էր Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության՝ ՈՒԵՖԱ-ի և Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի կողմից։ Հայաստանում կառուցված բոլոր 4 ֆուտբոլային ակադեմիաների շինարար կազմակերպությունը մեկն է ու պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին։