Քաղաքացու կողմից ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ Էջմիածնում Դոն Պիպո մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանի հայրը՝ Օնիկ Ասատրյանը, ապօրինաբար հավաքում է իրեն պատկանող խաղողի այգու բերքը, որի հետևանքով ոստիկանները գործողություններ են իրականացրել այնտեղ։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Օնիկ Ասատրյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանն ասաց, որ բողոք ներկայացրած անձը իր պաշտպանյալի հետ հեռու խնամիական կապեր ունեցող Շիրազ Հարությունյանն է։
Սակայն մինչ դրան անցնելը՝ փաստաբանը նախ նշեց, որ Ասատրյանը մոտ 900 000 դոլար գումարով 2 անձից գնել է հողատարածք՝ խաղողի այգի, որի վերաբերյալ վերջիններիս կողմից տրված պարտավորագիր ունի, որ՝ մեկը 250 մլն դոլարի, մյուսը՝ 150 մլն դրամի փոխարեն իրենց այգիները վաճառում են Օնիկ Ասատրյանին․ «Ինչպես նաև տվել են լիազորագիր, որ Օնիկ Ասատրյանն իրենց փոխարեն կարող է հավաքել և մթերել այգու խաղողը, քանի որ, երբ պաշտպանյալս ուզել է հողատարածքները գրանցել իր անունով, պարզվել է, որ դրանք գրավադրված են, արգելանքի տակ են, և այդ այգիների մասով կա պարտավորվածություն բանկերի և պետության նկատմամբ։ Որպեսզի գրավադրված գույքերը բանկերից հանվի պետք է ևս 100 000 դոլար գումար վճարի, որպեսզի գրավադրված գույքերը բանկերից հանի և նոր կարողանա սեփականության վկայական ստանալ։ Ուստի սկսել էին խաղողը հավաքել, բայց Շիրազ Հարությունյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, թե դրանք իր այգիներն են և այնտեղ, իբրև թե, ապօրինի բերքահավաք է կատարվում»,- պատմեց Վասակյանը։
Նա նշեց՝ հետաքննության շրջանակում Շիրազ Հարությունյանն ու այդ 2 անձինք՝ Ալբերտ Տոնոյանն ու Ազնավուր Անտոնյանը, հայտարարել են, թե այգիներն իրենց անունով է, բայց այն պատկանում է Շիրազ Հարությունյանին։ Փաստաբանի խոսքով՝ դա ասվել է միայն բանավոր․ «Լինում է չէ՞, որ ինչ-որ բան գնելիս մեկին խնդրում են՝ «ես գնեմ, բայց արի քո անունով անենք»։ Սակայն դա օրենքում ոչ մի ձևով չի կարող ձևակերպվել։ Այդ իսկ պատճառով թեև ոստիակնությունն այսօր խաղողի այգիներում էր, բայց բերքահավաքը շարունակվեց։ Եթե Շիրազ Հարությունյանը ներկայացնի փաստաթուղթ, որ այդ այգիներն իր սեփականությունն են, այդ ժամանակ մենք կդադարեցնենք բերքահավաքը, բայց քանի դեռ նման փաստաթուղթ չկա, և կա պարտավորագիր ու լիազորագիր, որ այգիները պատկանում են Օնիկ Ասատրյանին, բերքահավաքը կշարունակվի, քանի որ բերքն իրացնելու շրջանն է»,- նշեց նա։
Բացի այդ, փաստաբանն ասաց, որ Շիրազ Հարությունյանը նախկինում պետական պաշտոնյա է եղել․ 10 և ավելի տարիներ Էջմիածնի կադաստրի պետն է եղել։ Ըստ նրա՝ այս դեպքում էլ այլ հարց է առաջանում՝ եթե պայմանական համարեն, թե այդ հողերը նրանն են, ապա ինչո՞ւ իր անունով չի արել, այլ ուրիշի։