ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Արագածոտնի մարզի 59-ամյա բնակչի կողմից իր անչափահաս որդու նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Նախաքննությամբ պարզվել է, որ 59-ամյա տղամարդը, բռնություն գործադրելու սպառնալիքով, 2019թ. օգոստոս և 2020թ. մարտ ամիսներին սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 2004թ. ծնված իր անչափահաս որդու նկատմամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 59-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: