Քիչ առաջ ավարտվեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի՝ կալանքի ժամկետը երկարացնելու ԱԱԾ–ի միջնորդության քննությունը։ Փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը վաղը՝ ժամը 12։00-ին կհրապարակի դատարանի որոշումը։
«Մեղադրանքի կողմը հիմնավորում է, թե ինչու պետք է անձը մնա կալանքի տակ և հնարավորություն չկա նրան ազատության մեջ պահելու, պարտադիր պետք է կալանքի տակ գտնվի։ Իսկ մենք հակափաստարկներ էինք ներկայացնում, որոնք շատ օբյեկտիվ և տրամաբանական են։ Օրինակ, երբ խոսում են թաքնվելու հիմքի մասին, բազմիցս ասել ենք, որ Գագիկ Խաչատրյանը գտնվել է արտերկրում՝ Գերմանիայում, հետվիրահատական պարտադիր բուժման մեջ է գտնվել։ Սակայն քննիչի՝ ընդամենը մեկ զանգով դադարեցրել է բուժումը, վերադարձել և ներկայացել քննիչին։ Փաստորեն, նրա արարքը չի ողջունվում։ Իրենց հիմնավորումը նույնն է՝ անձը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Նրանք համարում են, որ որևէ այլընտրանքային խափանման միջոց՝ այդ թվում գրավը, չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը»,- ասաց պաշտպանը։
Նրա խոսքով՝ բժշկից պարբերաբար զանգեր են ստանում, որ, եթե Խաչատրյանը չգնա համապատասխան բուժում ստանալու, կրկնակի վիրահատության կարիք է առաջանալու։
Անդրադառնալով Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը մեկ ամսով երկարացնելուն՝ պաշտպանը նշեց․ «Դատարանի որոշումը դեռևս չենք ստացել, բայց կարծում եմ, որ դատարանը գտել է՝ մեկ ամսվա ընթացքում դեռևս չկատարած գործողությունները կարող է վարույթ իրականացնող մարմինը կատարել և իմաստ չկա 2 ամիս տրամադրել։ Վերջին շրջանում այնքան շատ են կալանքների դեպքեր լինում, որ սկսել ենք սովորական նայել՝ մեկ, երկու ամիս, բայց մեկ օր, հինգ օր անձին անազատության մեջ պահելը լուրջ խնդիր է։ Պետությունը պետք է սահմանափակի այդ ժամկետները»,- նշեց Սարգսյանը։
Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է օգոստոսի 30–ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը) նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերի վատնման համար։