«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում անդրադարձել է երկրում տեղի ունեցած վերջին աղմկահարույց գործընթացներին, մասնավորապես՝ Արսեն Բաբայանի ձերբակալությանն ու Արա Բաբլոյանին որպես կասկածյալ ներգրավվելու գործընթացին:

Այն հարցին, թե արդյոք այս գործընթացները կդառնան հիմք նոր նախագիծ կազմելու և  ՍԴ դիմելու, Մկրտչյանը պատասխանեց. «Մինչև քրեաիրավական պրոցեսի ավարտը չլինի, այս հարցին պատասխանել չեմ կարող, որովհետև քննություն է գնում, ցանկացած ելքի կարելի է սպասել, և հենց այդ ելքերից է կախված հետագա գործողությունները»:

Հարցին, թե Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուն ուղղված նոր նախագիծ արդեն կա, թե ոչ, պատգամավորը պատասխանեց, որ իրենք խնդիր ունեն համակարգային լուծման գալու և ոչ թե կոնկրետ թիրախավորված անձերի դեմ գործողություններ անելու. «Մենք անձերի հարց չենք դրել մեր առաջ, մենք կարծում ենք, որ Սահմանադրական դատարանը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացու իշխանական թևը, և որևէ իշխանության` թե կլինի դա օրենսդիրը, գործադիրը, թե դատականը,  եթե տարանջատված է քաղաքացուց և չի ներկայացնում նրա շահերը, վերածվում է ազգային անվտանգության սպառնալիքի: ԱԺ-ն կշարունակի մասնակցել, այս պահին մի քանի տարբերակներ քննարկվում են: Բնականաբար, մեր գործողությունները կլինեն հրապարակային, այս պահին առաջ չեմ ուզում ընկնել, քանի որ դեռ հստակ բան չեմ կարող ասել»:

Անդրադառնալով այն մեկնաբանություններին, որոնցում վերջին գործողությունները որակվում են որպես քաղաքական հետապնդում տվյալ անձանց նկատմամբ` Մկրտչյանն ասաց. «Քաղաքական հետապնդումների մասին, երբ որոշ շրջանակներ խոսում են, ուղղակի զավեշտալի է, որովհետև երբ մարդը մեղադրվում է որևէ ծանր հանցագործության մեջ, սա ուղիղ իրավական պրոցես է: Այսօր քաղաքական հետապնդման մասնագետները խոսում են քաղաքական հետապնդումների մասին: Քաղաքական հետապնդումն այն էր, երբ մենք և մեր ընտանիքի անդամները տարիներ ի վեր մեր հասարակական քաղաքական գործունեության պատճառով ենթարկվել ենք հետապնդումների, ճնշումների, երբ մեր ընտանիքի անդամների հետևից սև մեծ մեքենաներ են շրջել, երբ գաղտնալսվել ենք, երբ փողոցային պրոցեսներին մեր մասնակցության պատճառով մեր ծնողները հայտնվել են տարբեր իրավապահ կառույցներում: Սա է քաղաքական հետապնդումը, ոչ թե երբ մարդուն առաջադրվում է կոնկրետ մեղադրանք»: