Բազումի լեռնաշղթայում անտառային հրդեհի վայր հոկտեմբերի 27-ին, ժամը 07:30-ին մեկնել է 35 փրկարար: Տարբեր ուղղություններով իրականացվում են հետախուզման աշխատանքներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տարածքի հետախուզման արդյունքում 80 հա տարածքում հայտնաբերվել են հրդեհի տարբեր օջախներ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:10-ին:
Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:
«Հոկտեմբերի 26-ին, ժամը 07:34-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (5 հրշեջ-փրկարար) և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 8 փրկարար:
Ժամը 08:40-ի սահմաններում պարզվել է, որ հրդեհն ինքնամարվել է:
Այրվել է մոտ 80 հա խոտածածկ տարածք:
Ժամը 10:33-ին, անհրաժեշտությունից ելնելով, կրկին դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից ևս հինգ փրկարար:
Դեպքի վայրում իրականացվել են հետախուզման աշխատանքներ, որոնք ժամը 20:10-ին մթության և տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով դադարեցվել են:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 11:37-ին Լոռու մարզային փրկարարական վարչությունից հրդեհ են նկատել Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է մոտ 50 հա խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունից մեկ և հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու օպերատիվ խումբ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 աշխատակից:
Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են»,- նշված է հաղորդագրության մեջ: