Հայաստանի և Բուլղարիայի կառավարությունների միջև ստորագրված միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների մասին համաձայնագիրն ուղղված է տրանսպորտային հնարավորությունները բարելավելուն: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ճեպազրույցում այս մասին նշեց Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևան:

«Տրանսպորտային հաղորդակցությունը բավարար մակարդակի վրա չէ: Ինձնից պահանջվեց 10 ժամ, որպեսզի ես գամ այստեղ, մինչդեռ մենք այնքան մոտ ենք: Եթե մենք ունենանք ուղիղ թռիչք, ապա ժամանակը ճանապարհին մի քանի անգամ կկրճատվի: Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ, որպեսզի այն իրականություն դառնա: Առկա են չարթերային թռիչքներ դեպի Բուրգաս և Վառնա, ու մենք դեռ չունենք ուղիղ չվերթ Սոֆիա-Երևան ուղղությամբ: Ես դժվար եմ պատկերացնում գործարար, ով 10 ժամ կճանապարհորդի մեկ ուղղությամբ, որ հանդիպի գործընկերոջ հետ: Հետևաբար` մենք հակված ենք բարելավել տրանսպորտային հնարավորությունները»,-  ասաց Եկատերինա Զախարիևան:

Նա տեղեկացրեց, որ Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել են նաև հարցեր առևտրային հարաբերությունները բարելավելու համար: Եկատերինա Զախարիևայի խոսքով, այդ հարթությունում դրական զարգացում կա, սակայն այն բավարար չէ: Կողմերը դիտարկում են մեքենաշինության, սննդի արդյունաբերության, բժշկության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար: Բուլղարիայի ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ ունեն հատուկ ֆոնդեր ստարտափերի համար:

 

Եկատերինա Զախարիևան նշեց, որ աջակցում են Հայաստան ԵՄ համագործակցության: Բուլղարիան աջակցում է ՀՀ  կառավարության ջանքերին տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու հարցում:

«Մենք խոսում ենք տարբեր լեզուներով, սակայն ունենք շատ ընդհանրություններ: Բուլղարիայում ապրում է մոտ 11 հազար հայ: Համայնքի ներկայացուցիչները շատ լավ դեսպաններ են: 20-րդ արի ողբերգությունից հետո բազմաթիվ հայ ընտանիքներ տուն գտան Բուլղարիայում: Բուլղարական համալսարանում, 8 դպրոցում կարելի է սովորել հայերեն: Մենք պարտավորված ենք զարգացնել մեր ունեցած բարեկամական կապերը», -հավելեց նա: