Հոկտեմբերի 26-ին Վանաձորում տոնում էին քաղաքի օրը: Տոնական միջոցառումներից բացի, տեղի ունեցավ Զորավար Անդրանիկի բրոնզաձույլ արձանի բացումը՝ իր անունը կրող փողոցում: Սակայն արձանի վերաբերյալ կարծիքները խիստ տարբեր են: Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց նախաձեռնող խմբի անդամ՝ Մանվել Միկոյանի հետ:

«Մենք չէինք նախատեսել, որ արձանը պետք է այդքան մեծ լինի: Ավելի ուշ, քննարկումների ընթացքում հասկացանք, որ շատ կարևոր է, որ կոթողը ներկայանալի լինի: Վերջ ի վերջո խոսքը Անդրանիկի մասին է: Ծախսեցինք մոր 30 հազար դոլար»,- նշեց Միկոյանը:

Ըստ նրա՝ քաղաքապետարանը միայն շրջակա տարածքն է բարեկարգել. «Գումարը ժողովրդական հանգանակաությամբ ենք հավաքել: Մեզ աջակցեցին ինչպես մեր բնակիչները, այնպես էլ Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցները: Գումարներ են փոխանցել Գերմանիայից, Ֆրանսիայից, Լիբանանից ու այլ երկրներից»: 

Անհրաժեշտ գումարն ունենալուց հետո նախաձեռնող խումբը մրցույթ է հայտարարում, որին մասնակցում է 3 քանդակագործ:

 

«Մրցույթին մասնակցած քանդակագործները ներկայացրել էին իրենց աշխատանքների մակետները: Համարյա միաձայն ընտրվեց Գեղամ Բեկջանյանի աշխատանքը: 8 մետր բարձրություն ունեցող արձան»-ընդգծեց նա:

Մեր այն դիտարկմանը, որ արձանը այքան էլ միանշանակ չի ընդունվել հայ հանրության կողմից՝ Միկոյանը պատասխանեց. «Մեզ պետք չէր, որ արձանը գեղեցիկ լինի: Մեզ պետք էր Անդրանիկ զորավարը իր վեհությամբ, իր հերոսական կերպարով: Սուրը, որ կիսով է երևում՝ նշանակում է, որ նրա գործը կիսատ է մնացել: Իր խոսքերն են գրված արձանի վրա: Ես չգիտեմ, ովքեր են դժգոհողները, գուցե մյուս թեկնածուներ ազգականները»:

Միկոյանն ասում է, որ իրենք միայն դրական արձագանքներ են լսել.«Ինձ միայն գովեստի ու շնորհակալության խոսքեր են ասել: Ընդ որում, ոչ միայն Հայաստանից, այլև՝ այլ երկրներից»:

 

Լուսինե Մարդոյան