Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ՄԱՀՀԻ-ում տեղի ունենալիք «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկումը բավականին լայն արձագանք է ստացել, բայց ոչ թե բուն քննարկման կարևորության տեսանկյունից, այլ ՄԱՀՀԻ-ի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի այն դիրքորոշման մասով, որ քննարկմանը «մուտքը news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք ու Երկիր մեդիա հեռուստաընկերությունների և այլ քարոզչամիջոցների առջև փակ է»: 

Հանրային լայն զանգվածներ հայտարարության տեքստում գրված այս մի տողը լրջագույն քննադատության են ենթարկում: Բանն այն է, որ ժողովրդավարությանը ձգտող երկրում սահմանափակում են զլմ-ների աշխատանքը՝ կոնկրետ նկատառումներից ելնելով:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց քննարկմանը չհրավիրված «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանի հետ:

 

«Ժամանակին Ստյոպա Սաֆարյանը քնում էր «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերային տաղավարում: Հիմա մոռացե՞լ է դա: Մենք չէինք էլ պատրաստվում լուսաբանել դա: Այնպես որ, իզուր ժամանակ է վատնել այդ մասին գրելով»,- նշեց Մանուկյանը:

Մեր այն դիտարկմանը, թե ինչու է Սաֆարյանը այդքան բացահայտ ասել այդ մասին՝ հաշվի առնելով այն, որ նրանք կոլեգաներ են, Մանուկյանը պատասխանեց, որ իր կրթությունը, գիտելիքը և Սաֆարյանի տարօրինակությունները իրար անհամապատասխան են, որպեսզի կարողանա պատասխանել: 

«Սա հերթական ահազանգն է Հայաստանում լրատվության նկատմամբ խտրական վերաբերմունքի, և կարծում եմ՝ այս մասին, սկսած ղեկավարությունից մինչև լրագրողական կազմակերպություններ, պետք է իրենց անհանգստությունը արտահայտեն»,- ընդգծեց Մանուկյանը:

 

Նա նաև ընդգծեց, որ իրենց հեռուստաընկերությունը անկախ լրատվամիջոց է ու հարթակ են տրամադրում տարբեր հայացքներ ունեցող գործիչների, կուսակցությունների: