Հայաստանում գազի սակագինը հունվարի 1-ից չի բարձրանա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ սակագնի մոդելի համար ներկայացված առաջարկներում ձմեռային ամիսներին բարձրացման մասին խոսք չի գնում: Աս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
«Մենք սակագնի՝ բավականին երկար ժամկետով մոդելի առաջարկ ենք արել: Եվ հիմա դա քննարկման փուլում է: Այն առաջարկներում, որոնք մենք արել ենք, ձմեռային ամիսներին որևէ բարձրացման մասին խոսք չի գնում»,-ասաց Բաղրամյանն ու շեշտեց՝ հունվարի 1-ից գինը չի բարձրանա:
Նա նկատեց՝ անգամ ընթացակարգային առումով հնարավոր չէ հունվարի 1-ից սակագինը բարձրացնել: Նունիսկ, երբ լինում է բարձրացման վերաբերյալ հայտ կամ սակագնի վերանայում, ապա դրա ուսումնասիրության համար պահանջվում է որոշակի ժամկետ: «Եվ ցանկացած դեպքում, երբ հանձնաժողովը սակագների վերաբերյալ որոշում է կայացնում, դրանք ուժի մեջ են մտնում 30 օր հետո: Ոչ միայն ընթացակարգային, այլ նաև օրենքների առումով էլ հնարավոր չէ, որ փոխվի»,-նշեց Բաղրամյանը:
Հարցին՝ ձմռանից հետո բարձրացում սպասե՞լ, թե՞ ոչ, Բաղրամյանը պատասխանեց՝ հետո արդեն կհասկանան, թե բանակցությունների արդյունքում ինչի կհասնեն: