ՀՀ կառավարության անդամները շուրջ մեկ ամիս անց հանրությանը կներկայացնեն իրենց մեկ տարվա աշխատանքի հաշվետվությունները: Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ աշխատանքի ընթացքում իրենց չարդարացրած կադրերը հրաժեշտ են տալու զբաղեցրած պաշտոններին: Հետաքրքիր է վարչապետը այսօր է՞լ է այդ կարծիքին և ի՞նչ է նա պատրաստվում անել, օրինակ՝ շրջական միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի տարեկան հաշվետվությունը ընթերցելուց հետո, քանզի մինչ այդ հաշվետվությունն էլ անզեն աչքով տեսանելի են այն բնապահպանական խնդիրները, որոնք ավելացել են և կուտակվել են այս մեկ տարվա ընթացքում:
Նախարարը հիմնականում զբաղված էր «Լիդիան» ընկերության բիզնես շահերը պաշտպանելով և Ամուլսարի հարցում տարատեսակ «տասսովկաներ» անելով: Նրա աչքից չի վրիպել նաև փոքր ՀԷԿ-ի սեփականատերերի իրավունքների ու շահերի պաշտպանության սուրբ գործը և այս դեպքում կարելի է հասկանալ, թե ինչու, օրինակ, նախարարը ժամանակ չէր գտնում ամիսներ առաջ, երբ Սևանին էկո աղետ էր սպառնում՝ Գրիգորյանը բավարարվեց լիճը դրոններով նկարելով, իսկ Սևանը, արդյունքում, ինքնամաքրվեց: Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում պետք է լիներ նաև անտառային ֆոնդի պահպանությունը, մինչդեռ Հայաստանում, այսպես կոչված, անտառային մաֆիան իրեն բավական ապահով է զգում, անտառներն էլ շարունակվում են կեղեքվել՝ մեծ վնաս հասցնելով Հայաստանի բնությանը և թոքերին: Որևէ շարժ չկա նաև Սևանի ափամերձ տարածքների օբյեկտների ապամոնտաժման, կամ առնվազն՝ դրանք օրինական դաշտ բերելու հարցում: Մինչդեռ այս հարցը գտնվում էր վարչապետ Փաշինյանի անմիջական ուշադրության և հսկողության ներքո, քանի որ խնդիրը ունի նաև լայն ներքաղաքական ենթատեքստ:
Մեկ ամիս անց նախարարությունը, ի վերջո, հանրությանը կներկայացնի իր արածների, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ չարածների հաշվետվությունը, իսկ մինչ այդ արդեն իսկ, որոշակի վերլուծության արդյունքում կարող ենք փաստել, որ իր աշխատելաոճով, սկանդալների կիզակետում հայտնվելու ձիրքով՝ Գրիգորյանը իրապես Նիկոլ Փաշինյանի կաբինետի թույլ օղակներից մեկն է…