Ռուսական «Մարս Մեդիա» կինոընկերությունը Ամերիկյան կինոտոնավաճառում կներկայացնի «Սուսերով պարը» ֆիլմը (2018թ., ռեժիսոր՝ Յուսուպ Ռազիկով)։ Սա կենսագրական ժապավեն է Արամ Խաչատրյանի մասին, որը ստեղծվել է Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցությամբ։ Այն նշված երկու երկրներում վարձույթի կհանվի 2019թ.-ի դեկտեմբերից։
Ֆիլմը պատմում է՝ ինչպես կոմպոզիտորն իր ամենահայտնի երաժշտական ստեղծագործությունը գրել ընդամենը ութ ժամվա ընթացքում։
«Ֆիլմն արդեն վաճառվել է Ճապոնիայում, Թաիլանդում, Լատինական Ամերիկայի երկրներում, իսկ Սանտա Մոնիկայում ծրագրում ենք ավարտել բանակցությունները եւս մի քանի երկրի հետ»,- «ՏԱՍՍ»-ին հայտնել է ընկերության միջազգային վաճառքների ղեկավար Միլա Ռոզանովան։
Ամերիկյան ամենամյա կինոտոնավաճառը (American Film Market) Սանտա Մոնիկայում (Կալիֆոռնիա նահանգ) բացվել է չորեքշաբթի։ Մեկ շաբաթվա ընթացքում աշխարհի ամենամեծ կինոշուկայում իր արտադրանքը կներկայացնի նաեւ մոսկվյան 15 կինոընկերություն ու ստուդիա։