«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան և քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ԺԱՄԱՆԱԿՆ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՄԱՐՏՈՒՄ ԸՆԿԱԾ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ 1700-ԱՄՅԱ ՏՈՆԸ

1681 տարի առաջ Հայաստանում սահմանվել է եկեղեցա-պետական համազգային մի տոն, որի վերականգնումն ու մի փոքր արդիականացումը մեր ժամանակի հրամայական թելադրանքն է։

338 թվականին տեղի ունեցավ հայ-պարսկական հերթական խոշոր պատերազմը, որի ընթացքում երկու կողմն էլ տվեց մեծ կորուստներ։ Ռազմի դաշտում զոհվեց նաև Մեծ Հայքի սպարապետ Վաչե Մամիկոնյանը։ Մեծ Հայքն սուգի մեջ էր։ Արձագանքելով երկրում և նրա շուրջը ստեղծված ծանր իրավիճակին՝ կաթողիկոս Վրթանես Ա-ը (Գրիգոր Լուսավորչի ավագ որդին) առանձին կոնդակ արձակեց՝ սահմանելով հատուկ օր, երբ այդուհետ ամեն տարի նշվելու է Հայաստանի համար զոհված ռազմիկների հիշատակը: Նույն կոնդակով նահատակված հայ զինվորները հավասարեցվում էին Քրիստոսի վկաներին, այլ կերպ ասած՝ սրբացվում էին։ Ավելին, Վրթանես կաթողիկոսն շեշտում էր, որ իր կոնդակը վերաբերում է ոչ միայն նրանց, ովքեր ընկել էին այդ պատերազմում, այլև բոլոր նրանց, ովքեր ապագայում կզոհվեն հանուն Հայաստանի՝ Հայոց «աշխարհի»։


Այսպիսի եկեղեցական-պետական օրենքն աննախադեպ էր հին և միջնադարյան աշխարհում։ Այն պարզորեն միտված էր ամրապնդելու Հայաստանի թագավորության միասնականությունն ու է՛լ ավելի սրելու հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը՝ օտար կայսերական զավթիչների դեմ գրեթե անընդմեջ մղվող պատերազմների այդ դարաշրջանում։

 

Կարծում եմ, այսօր, երբ մերօրյա Հայաստանը ևս դիմակայում է իրեն թվապես և այլ ռեսուրսներով գերազանցող թշնամի ուժերին, ճիշտ ժամանակն է, որպեսզի վերականգնենք և ամբողջ շուքով նշենք Վրթանես կաթողիկոսի հաստատած այդ փառավոր տոնը, որի ճյուղավորումն ու արգասիքն է Վարդանանց տոնը։ Ընդ որում, նշածս վերագործարկման լավագույն հիմքը կարող է լինել հե՛նց Վարդանանց ոգեկոչման օրը։

Առաջարկում եմ այս հարցը քննել Ամենայն հայոց կաթողիկոսին առընթեր Գերագույն հոգևոր խորհրդում։

 

Ստորև մեջբերում եմ Վրթանես կաթողիկոսի խոսքն այնպես, ինչպես այն մեզ է հասել Փավստոս Բուզանդի «Հայոց պատմության» Երրորդ դպրության ԺԱ (11-րդ) գլխում։ Կարդացե՛ք և վայելե՛ք չորրորդ դարի հայոց հայրապետի հայրենապաշտ միտքն ու անեզր սերն առ Հայաստան և առ հայ զինվոր և առ հայ ժողովուրդ։

(Սկզբում տալիս եմ Ստ. Մալխասյանցի հայերեն աշխարհաբար թարգմանությունը (թեև այն հնացած է և խմբագրման կարիք ունի), այնուհետև գրաբար բնագիրը, ապա նաև Մ. Գևորգյանի ռուսերեն թարգմանությունը՝ իմ մեկնաբանությամբ (պատճենում եմ «Армяно-персидская война 449–451 гг. Кампании и сражения» գրքիս 47-49 էջերը))։


Փավստոս Բուզանդ. «Հայոց պատմություն», Երրորդ դպրություն

 

Գլուխ ԺԱ. ՊԱՐՍԻՑ ԵՎ ՀԱՅՈՑ ՄԻՋԵՎ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ, ԱՅԴ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՎԱՉԵ ԶՈՐԱՎԱՐԻ ԸՆԿՆԵԼՈՒ, ԽՈՍՐՈՎ ԹԱԳԱՎՈՐԻ ԵՎ ՎՐԹԱՆԵՍ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ:

Սրանից հետո դարձյալ խիստ պատերազմ տեղի ունեցավ պարսիկների և հայերի միջև, որովհետև (պարսիկները) մեծ բազմությամբ հավաքվեցին, եկան Հայոց աշխարհն առնելու։ Ապա Մեծ Հայքի սպարապետ և զորավար Վաչեն հավաքեց նախարարական զորքերի ազատների բանակը և դուրս եկավ Պարսից զորքերի հետ պատերազմելու։ Երկու կողմից էլ անասելի կոտորած էր լինում, և շատ մեծամեծ ավագանիներ կոտորվում, ոչնչանում էին։ Այս պատերազմում ընկավ նաև Վաչեն՝ Հայոց մեծ սպարապետը. և ամբողջ աշխարհը մեծ սգի մեջ ընկավ, որովհետև տերը շատ անգամ նրա ձեռքով փրկություն էր շնորհել հայերին։ Ապա Վրթանես եպիսկոպոսապետը հավաքում, մխիթարում էր բոլորին, իրեն՝ Խոսրով թագավորին, և բոլոր զորքերին, որոնք սրտակեզ ողբով ու արտասուքով, թախծալից հոգսերով, մեծ լաց ու կոծով բռնված սգում էին՝ գնացածների տառապանքները մնացածներին համարելով։ Մեծ Վրթանեսը մոտենալով նրանց սփոփում էր և ասում.

«Մխիթարվեցե՛ք Քրիստոսով, որովհետև նրանք, որ մեռան, մեր աշխարհի, եկեղեցիների և աստվածատուր հավատի համար (մեռան), որպեսզի մեր աշխարհը չգերվի, քարուքանդ չլինի, սուրբ եկեղեցիները չպղծվեն, նահատակները չանարգվեն, (եկեղեցական) սպասները պիղծ և անհավատ մարդկանց ձեռքը չանցնեն, սուրբ ուխտը չաղավաղվի, մկրտված ժողովուրդը գերի չգնա ու չմատնվի անհավատների պաշտամունքի զանազան պղծություններին։ ԵԹԵ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ՄԵՐ ԱՇԽԱՐՀԸ ԳՐԱՎԵՆ, ԱՅՍՏԵՂ ԿՀԱՍՏԱՏԵՆ ԻՐԵՆՑ ԱՆՕՐԵՆ, ԱՆՀԱՎԱՏ, ԱՆԱՍՏՎԱԾ ԿԱՐԳԵՐԸ, ՈՐ ՀՈՒՍԱՆՔ, ԹԵ ԵՐԲԵՔ ԼԻՆԵԼՈՒ ՉԷ։ Իսկ մեր բարեպաշտ նահատակները այս բանի համար պատերազմ մղեցին և չարիքը մեր աշխարհից հալածելով ու հեռացնելով՝ մեռան, որպեսզի անհավատությունը այս աստվածապաշտ ու աստվածասեր աշխարհը մուտք չգործի և չարի կամքին ծառա չդարձնի ու շատ հոգիներ, որ ջերմ եռանդ, անկեղծ սիրով իրար հետ կապված են, միմյանցից չբաժանի, չքայքայի։ Իսկ սրանք մինչ կենդանի էին, արդար ջանքով չարչարվեցին այս բանի համար և մեռնելիս հաստատ պահեցին իրենց հավատարմությունը ու իրենց անձերը զոհեցին աստվածային ճշմարտության համար, եկեղեցիների, նահատակների, կրոնի սուրբ ուխտի, հավատի կարգերի համար, քահանայական ուխտի և Քրիստոսի անունով անթիվ նոր մկրտվածների ու (Հայաստան) աշխարհի բնիկ տիրոջ համար։

 

ԵՎ ՆՐԱՆՔ, ՈՐ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ ՉԽՆԱՅԵՑԻՆ ԱՅՍ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ, ՊԵՏՔ Է ՄԵԾԱՐՎԵՆ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԱՐ ՆԱՀԱՏԱԿՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ։ Ուրեմն նրանց չողբանք, այլ արժանապես պատվենք նահատակների հետ. մշտական կարգ սահմանենք ամբողջ մեր աշխարհում, որ ամեն ոք անխափան կատարի սրանց բարի հիշատակը՝ ինչպես Քրիստոսի նահատակների։ Իսկ մենք տոն կատարենք և ուրախ լինենք, որ Աստված սրանցով մեզ հետ հաշտ լինի ու այսուհետև խաղաղություն շնորհի»։

 

Եվ Վրթանես մեծ քահանայապետը օրենք սահմանեց՝ երկրում տարեցտարի նրանց հիշատակը կատարել, ԻՆՉՊԵՍ ԵՎ ՆՐԱՆՑ, ՈՐՈՆՔ ՆՈՒՅՆ ԿԵՐՊՈՎ ԵՐԿՐԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՄԵՌՆԵՆ։ Կանոն դրեց՝ սրանց անունները հիշել աստծու սեղանի առաջ պատարագի ժամանակ՝ երբ սրբերի անունները հիշատակվեն, որոնցից հետո՝ սրանցը, իսկ ընկածների հարազատներին հոգ և խնամք տանեն։ Որովհետև, ասում էր, սրանք պատերազմի ճակատամարտում ընկան Հուդա և Մատաթիա Մակաբեների ու նրանց եղբայրների նմանությամբ։

-------------------------------------------------------------

 

ՏԵՂԵԿԱՆՔ. Վաչե Մամիկոնյանին և նրա ընկած զինվորներին՝ Վաչյաններին (Վաչեանք) մեծարող տոնն սկզբում նշվում էր Մակաբայեցիների օրը՝ օգոստոսի 1-ին։ Ավարարայրի ճակատամարտից հետո (451 թ.) Հայոց Եկեղեցին համատեղեց սուրբ Վաչյանների և Վարդանանց տոները և շարունակեց նշել դրանք միասնաբար՝ նույն օգոստոսի 1-ին։ VIII դարի սկզբին Հովհաննես Օձնեցի կաթողիկոսն առանձնացրեց Վարդանանց տոնը Մակաբայեցիների և Վաչյանների տոնից և որոշեց այն նշել առանձին` Բարեկենդանին նախորդող երեքշաբթի օրը: Իսկ արդեն XIV դարի առաջին կեսից մինչ օրս Վարդանանց սուրբ նահատակների ոգեկոչման օրն ամեն տարի նշվում է Մեծ պահքի նախորդող հինգշաբթի օրը։

-------------------------------------------------------------

ՓԱՒՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴ. Պատմութիւն Հայոց

 

ԵՐՐՈՐԴ ԴՊՐՈՒԹԻՒՆ

ԺԱ. Յաղագս մեծի պատերազմին Պարսից եւ Հայոց ընդ միմեանս, եւ անկանելոյ ի պատերազմին մեծի զօրավարին Վաչէի, եւ մահուան թագաւորին Խոսրովու, եւ փոխելոյ յաշխարհէ հայրապետին Վրթանայ:

Եւ յետ այսորիկ յաւել եւս լինել մարտ խստութեամբ պատերազմի ի մէջ Պարսից եւ Հայոց ընդ միմեանս. զի ժողովեցան հասին կուտեցան առնուլ զաշխարհն Հայաստան երկրին: Ապա ժողովէր սպարապետն զօրավարն Հայոց մեծաց Վաչէ զազատախումբ բանակ նախարարակոյտ զօրացն: Եւ ելանէր տայր ընդ զօրսն Պարսից պատերազմ, եւ լինէր անհնարին կոտորուած յերկոցունց կողմանցն, եւ բազում ծախ մեծամեծ աւագանւոյն կոտորելոցն: Անկանէր ի պատերազմին յայնմիկ մեծ սպարապետն Հայոց Վաչէ. եւ լինէր ամենայն աշխարհին սուգ անհնարին, զի բազում անգամ էր տեառն փրկութիւն տուեալ Հայոց ի ձեռն նորա: Ապա ժողովէր եպիսկոպոսապետն Վրթանէս, մխիթարէր զամենեսեան, եւ զինքնին թագաւորն զԽոսրով, եւ զօրսն ամենայն, որք բազում անձկայրեաց տրտմութեամբք եւ արտասուակաթ ողբովք եւ ծանրաթախիծ հոգով, մեծաւ կոծովք եւ անհնարին աշխարանօք պաշարեալք, զգնացելոցն կարիս մնացելոցն համարեալ` սգային: Զորս մատուցեալ սփոփէր զնոսա մեծն Վրթանէս, եւ ասէր.

«Մխիթարեցարո'ւք ի Քրիստոս. վասն զի մանաւանդ որք մեռանն, նոքա յաղագս աշխարհի եւ եկեղեցեաց եւ աստուածագործ օրինացն տուչութեան, զի մի' գերեալ քանդեսցի աշխարհս, եւ սուրբ եկեղեցիքն աւերեսցին, եւ կամ մարտիրոսք անարգեսցին, եւ կամ սուրբ սպասքն ի ձեռս պղծոցն եւ անօրինացն անկցին, եւ սուրբ ուխտն այլայլեսցի, եւ որդիք մկրտութեան գերութեամբ անկցին ի պէսպէս պղծութիւնս անօրէնութեան կարգաց պաշտամանց: Եւ եթէ զաշխարհս ունիցին արդեւք թշնամիքն, եւ զիւրեանց զանօրէն զանկրօն զանաստուած կրօնիցն զօրէնս աստ արդեւք հաստատէին. որ, զոր խնդրեմքս, քա'ւ եւ մի' լիցի: Իսկ մեր բարեպաշտութեան նահատակք ի վերայ այսորիկ ճգնեալ պատերազմաւ, զչար պահեալ հեռացուցեալ հալածեալ յաշխարհէ` մեռան, զի մի' յայսպիսի աստուածապաշտ եւ աստուածասէր աշխարհ անօրէնութիւն մտեալ, չարի կամացն ի ծառայութիւն արկցէ, եւ զբազում ոգիս ջերմեռանդն սիրով բնութեանն ի միմեանց քակտեալ քայքայեսցէ: Իսկ սոքա մինչդեռ կենդանի էին, արդար վաստակօք ի վերայ այսորիկ վաստակեցան. եւ ի մահուն իւրեանց զմիամտութեանն հաստատութեանն զանձինս փոխանակ տալով ընդ ճշմարտութեանն տեառն, մատուցին ի վերայ եկեղեցեաց, եւ ի վերայ մարտիրոսաց, եւ ի վերայ ուխտին սրբութեան օրինացն, եւ ի վերայ կարգաց հաւատոցն, եւ ի վերայ ուխտին քահանայութեան, եւ ի վերայ անթիւ ի նոր ի Քրիստոս մկրտելոցն, ի վերայ բնակի տեառն աշխարհիս: Որք այնմ ամենայնի փոխանակ զանձինս իւրեանց ոչ խնայեցին, ընդ վկայս Քրիստոսի է նոցա համար պարտուոյ: Արդ մի' լացցուք զնոսա, այլ պատուեսցուք ընդ ճշմարտութեանն, առ նահատակսն դիցուք ընդ աշխարհ օրէնս յաւիտեանս յաւիտենից, զի ամենայն ոք զսոցա յիշատակ քաջութեան իբրեւ Քրիստոսի նահատակաց անխափան կատարեսցէ: Եւ մեք տօնս արասցուք, եւ ուրախ լիցուք. զի Աստուած այսոքիւք հաճեսցի ընդ մեզ, յայսմ հետէ խաղաղութիւն շնորհեսցէ»:

 

Եւ եդ օրէնս ընդ աշխարհն մեծ քահանայապետն Վրթանէս` զնոցա առնել զյիշատակն ամ յամէ. եւ որք փոխանակ աշխարհին փրկութեան մեռանիցին ի նմանութիւն նոցա, եդ կանոն` յիշել զսոսա առ սուրբ սեղանն Աստուծոյ ի ժամ պատարագին, յորժամ զանուանս սրբոցն կարգիցեն, եւ ապա զկնի նոցա զնոցայն. եւ մնացելոցն անկելոցն գութ եւ խնամ կալցին: Զի սոքա, ասէ, ի նմանութիւն Յուդայ եւ Մատաթեայ Մակաբէի անկան ի ճակատ պատերազմի, եւ նմանութիւն եղբարց նոցա»: