Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԺԱՄԱՆԱԿՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
Մինչ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը հոգևարք է ապրում, փաշինյանական խունտան միտումնավոր բարձիթողի վիճակի մեջ է թողել Սյունիքի սահմանների պաշտպանության կենսականորեն կարևոր հարցը։ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ընդդիմությունը, զարմանալիորեն, ևս շրջանցում է Սյունիքի օրհասական դրությունը։ Խունտայի և ընդդիմության միջև ներկայումս ընթացող պայքարը կարող է դեռ անորոշ ժամանակով երկարաձգվել, մանավանդ եթե այդպես ցանկանան օտար ուժային կենտրոնները։ Անգամ սպասվող հանգուցալուծումից հետո էլ պարզ չէ, թե նոր իշխանությունն ինչպիսի քաղաքականություն կորդեգրի Սյունիքի կենսունակությունն ապահովելու հարցում, որովհետև ներկայիս ընդդիմությունն ու վարչապետի նրա թեկնածու Վազգեն Մանուկյանը որևէ կերպ չեն մերժել Փաշինյան-Ալիև-Պուտին չարաբաստիկ «եռակողմ հայտարարության» 9-րդ կետը, որով հիմք ու սկիզբ է դրվում Հայաստանից Սյունիքի բռնազավթման գործընթացին։ Այնինչ Սյունիքի պաշտպանության խնդիրը հրատապ է, իսկ այն հետաձգելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Սյունիքը պետք է ամրացնել օր առաջ, ժամ առաջ։
Սյունիքի բնակչությունն ու հայ ազգային ուժերը չպետք է սպասեն երևանյան քաղաքական զարգացումների ավարտին, այլ անմիջապես անցնեն գործի։ Ուստի, առաջարկում եմ մշակել և գործարկել Սյունիքի պաշտպանունակությունն ամրապնդելու մի համաժողովրդական ծրագիր՝ այդ նպատակի համար շտապ հրավիրելով Սյունիքի (ներառյալ Վայոց Ձորի) հայության 1-ին համագումարը, որն էլ՝
1) հանգամանորեն քննության կառնի Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի ներկա ռազմաքաղաքական դրությունը.
2) կարտահայտի սյունյաց հայոց միասնական կարծիքը ՀՀ-ում և Սյունիքի շուրջը ստեղծված քաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակի մասին.
3) կքննարկի և հանրապետական ու մարզային իշխանություններին կառաջարկի Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի պաշտպանունակությունն ամրապնդող, ինչպես նաև անբարենպաստ նոր պայմաններում նրանց տնտեսական կյանքն աշխուժացնող հրատապ գործողությունների ծրագրեր.
4) կընտրի հասարակական հիմունքներով աշխատող խորհրդակցական մշտական մարմին՝ Սյունիքի Ազգային խորհուրդ, որը կհամագործակցի ՀՀ պետական և Սյունիքի ու Վայոց Ձորի մարզային իշխանությունների հետ, իսկ վերջիններիս անգործության և հնարավոր կաթվածահարության դեպքում ժամանակավորապես կփոխարինի դրանց՝ իրականացնելով ճգնաժամային կառավարում, ըստ իրադրության.
5) Սյունիքի հայության 1-ին համագումարը և Սյունիքի Ազգային խորհուրդը կոչ կանեն աշնանային պատերազմի ժամանակ ՀՀ տարբեր մարզերում ձևավորված կամավորական կարգապահ ու փորձառու խմբերին շտապ գործուղվել Սյունիք՝ ռոտացիոն սկզբունքով ստանձնելու համար սահմանների բաց մնացած հատվածների պաշտպանությունը՝ մինչև այն պահը, երբ այդ գործը դարձյալ կկարողանա ամբողջությամբ իր վրա վերցնել Հայկական բանակը.
6) Սյունիքի հայության 1-ին համագումարը և Սյունիքի Ազգային խորհուրդը միահամուռ կերպով կմերժեն նոյեմբերի 9-ի «եռակողմ հայտարարության» 9-րդ կետը՝ Մեղրիի շրջանում թուրք-ադրբեջանական ցեղասպան ոսոխի կողմից երկաթգծային ու ավտոմոբիլային ճանապարհների կառուցումն ու անվերահսկելի գործարկումը, ինչպես նաև դրանց երկայնքով ընկած ընդարձակ հողակտորների ՀՀ սուվերեն տնօրինությունից դուրսբերումը՝ դրանք ռուսական սահմանապահ ուժերին հավերժորեն հանձնելու միջոցով։ Այս օրինական մերժումը, լիովին համապատասխանելով ՀՀ սահմանադրությանն ու միջազգային իրավունքի դրույթներին, պետք է պատշաճորեն ձևակերպվի և ուղարկվի ՀՀ Ազգային ժողով, ՀՀ կառավարություն և Սահմանադրական դատարան։ Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ «եռակողմ հայտարարության» 9-րդ կետի գործարկումը ազդարարելու և նշանակելու է հայկական Սյունիքի (հետևաբար՝ նաև ՀՀ-ի) վերջի սկիզբը։
Բնականաբար, Սյունիքի հայության 1-ին համագումարին պետք է հրավիրվեն սփյուռքում բնակվող ազդեցիկ սյունեցիները, ինչպես նաև հայաստանյան քաղաքական ու մտավորական ընտրանին։ Գլխավոր խնդիրներից մեկն այն է, որպեսզի այդ համագումարում հաջողվի ընդունել անկախ և հավասարակշռված որոշումներ՝ առավելագույնս խուսափելով օտար կենտրոնների թելադրանքից, մի բան, որ մինչ այսօր չի հաջողվել Երևանում գործող քաղաքական ուժերին և պետական մարմիններին։
Իրականում, ՀՀ ինքնիշխանության գրեթե լիակատար ընթացիկ կործանմամբ բանը նորեն հասել է հայոց ինքնապաշտպանական բնազդին, որին չվստահելու հիմքեր չունենք։ Ուրեմն, հիշելով Դավիթ-բեկին ու Նժդեհին, գործենք և չուշացնենք»։