Կառավարության շենքի առաջ Դաշնակցության երիտասարդական միության նախաձեռնությամբ տեղի ունեցող բողոքի ակցիային միացան ԵՊՀ մի շարք ուսանողներ և դասախոսներ, ովքեր երեկ դասադուլ էին անում: Նրանց պահանջը մեկն է` ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Հիշեցնենք, որ ուսանողների բողոքի պատճառը ԿԳՍՄ նախարարության առաջ քաշած օրենքի նախագիծն է, ըստ որի` Հայոց լեզու, Հայոց պատմություն և Հայ գրականություն առարկաների դասավանդումը բուհերում դառնում է ոչ պարտադիր:
Իսկ Դաշնակցության երիտասարդական միության բողոքի հիմքում ԿԳՍՄ նախարարության կողմից հովանավորված «Մել»-ի մասին ֆիլմն ու «Հուզանք ու Զանգ» պերֆորմանսի հովանավորումն է: Բողոքի ակցիա իրականացնողների պնդմամբ` իրենց պահանջից հետ չեն կանգնելու և ամեն գնով հասնելու են Արայիկ Հարությունյանի հրաժարականին:
«Արայիկ, մետրոյի ժետոն ենք առել քեզ համար, իջիր, գնա տուն»,-հայտարարեցին ցուցարարները՝ նկատի ունենալով այն, որ նախարարը մետրոյով է եկել աշխատանքի։