«Ուսանող, միացի՛ր». ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն այսօր՝ նոյեմբերի 11-ին, շարունակում են օրեր առաջ հայտարարած դասադուլը: Նրանք պահանջում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Բողոքի ակցիայի մասնակիցները շրջում են ԵՊՀ ֆակուլտետներով և ուսանողներին, դասախոսներին և ռեկտորին կոչ անում միանալ ակցային: Ուսանողները դեմ են նախարարության նախաձեռնությանը, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը: ԵՊՀ դասախոսները ևս միացել են բողոքին, նրանք ուսանողների բողոքը արդարացի են համարում՝ պնդելով, որ հայերենը բուհերում պետք է դասավանդվի, որպեսզի մասնագետները հետագայում կարողանան մասնագիտական հայերեն խոսել: Այս պահին դասադուլի մասնակիցները Հայ բանասիրության ֆակուլտետի մասնաշենքից երթով շարժվել են դեպի ԿԳՄՍ նախարարության շենք, որտեղ Դաշնակցության երիտասարդական միության ներկայացուցիչներն ու «Կամք» նախաձեռնոթյան անդամների հետ ներկայացնելու են իրբց պահանջը: