Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանն այսօր հայտարարեց, որ Սեդրակ Քոչարյանին չի թույլատրվում տեսակցել հորը:
ԼՈՒՐԵՐ․com-ը իրավապահ մարմնիններից հետաքրքրվեց, թե ի՞նչ հիմքով է արգելվում Սեդրակ Քոչարյանին տեսակցել հորը՝ Ռոբերտ Քոչարյանին։ Ի պատասխան մեր հարցին՝ Հատուկ Քննչական ծառայությունից փոխանցեցին, որ իրենք չեն կարող մեկնաբանել՝ նշելով, որ դա դատարանի իրավասության շրջանակում է, քանի որ գործը դատաքննության փուլում է, դատարանն է որոշում թույլ տալ, թե ոչ։
Երևաանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմից ասացին, որ հարցին չեն կարող պատասխանել, քանի որ դատարանը դեռ այդ հարցին չի անդրադարձել․ «Երբ նիստով հարցը քննարկվի, այդ ժամանակ էլ կկարողանանք ասել։ Եթե դատավորը դեռ այդ հարցին չի անդրադարձել, ուրեմն տեղեկատվություն չենք կարող տալ»,- ասացին դատավորի աշխատակազմից։
Մենք փորձեցինք նաև մեկնաբանություն ստանալ Գլխավոր դատախազությունից, սակայն այստեղից էլ սլաքներն ուղղեցին դեպի նախաքննական մարմնին՝ նշելով, որ այդ հարաբերությունները նախաքննության մարմնի իրավասության տիրույթում են։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտաններից Հայկ Ալումյանը, անդրադառնալով գործընկերոջ բարձրացրած հարցին, նշեց. «Դա ապօրինի գործողություն է, հիմք չկա։ Ժամանակին, երբ պարոն Քոչարյանը առաջին անգամ կալանքի տակ էր գտնվում, այն ժամանակ քննիչն այդպիսի որոշում էր կայացրել, որը մինչև հիմա կիրառվում է։ Այն թեև իրավունքն չունեն կիրառելու, քանի որ հիմա գործը դատարանն է քննում, և պարոն Քոչարյանն էլ 2 անգամ ազատ է արձակվել, այնուամենայնիվ այդ արգելքը մինչև հիմա քրեակատարողական հիմնարկը կիրառում է։ Մենք դիմել ենք Մարդու իրավունքների պաշտպանին և հույս ունենք, որ այդ կերպով ինչ-որ բանի կհասնանեք հաջողության», - նշեց նա։
Թե ինչն է պատճառը, որ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդուն՝ Լևոն Քոչարյանին թույլատրվում է տեսակցել հորը, իսկ ավագ որդուն՝ ոչ, փաստաբանը նկատեց․ «Ինձ համար էլ է անհասկանալի»։
Հիշեցնենք, որ այսօր փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասել էր․ «Սեդրակին արգելված է տեսակցությունը»։ Թե ի՞նչ հիմքով է տեսակցությունն արգելվել՝ հարցին ի պատասխան Սահակյանն ասել էր. «Իրենց հարցրեք»:
Նշենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մերժել էր Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը։