Երևանի քաղաքապետի տեղակալներ Հայկ Սարգսյանը, Տիգրան Վիրաբյանն ու Սերգեյ Հարությունյանը մանրամասներ են ներկայացրել քաղաքի 2020 թվականի բյուջեի նախագծի ու ծրագրային հիմնական ուղղությունների մասին: Ինչպես երևում է՝ հաջորդ տարի բյուջեն զգալի աճ է գրանցելու. 2019թ. 83 մլրդ 200 միլիոնի մուտքերի փոխարեն նախատեսված է 107 մլրդ դրամի մուտք: Ընդ որում, նկատելիորեն աճում է քաղաքի սեփական եկամուտների կշիռը: 2020-ի ծախսային մասը կլինի 116 մլրդ դրամ` 2019-ի շուրջ 91 մլրդի փոխարեն: Խոշոր ծրագրերից է կանաչապատման նոր մոդելի ներդրումը: Այդ նպատակին բյուջեից նախատեսվում է հատկացնել 3,6 մլրդ դրամ: Հաջորդ տարի քաղաքապետարանը նախատեսում է ավելացնել միջոցները՝ լուծելու 4-րդ կարգի վթարային մի շարք շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը: Բակերի բարեկարգման համար առաջարկվում է բյուջեից հատկացնել 1.5 մլրդ դրամ:
 
Իհարկե, թվերը անչափ ոգևորիչ են, սակայն, ինչպես երևում է, անգամ այս պատմական ցուցանիշները բավարար չեն լինի ի կատար ածելու Հայկ Մարությանի տված ճոխ խոստումները, մասնավորապես, մետրոյի նոր կայարանի և տրանսպորտային նոր ցանցի մասով: Քաղաքապետարանից արդեն իսկ հայտնել են, որ մետրոյի նոր կայարանի կառուցման համար անհրաժեշտ է գրեթե Երևանի քաղաքային մեկ տարվա բյուջեի չափ գումար: Հասկանալի է, որ առանց ներդրողների գործը գլուխ բերել չի հաջողվի, սակայն այս մեկ տարին ապացուցել է, որ քաղաքապետ Մարությանը, մեղմ ասած, տարակուսելի քաղաքականություն է վարում ոչ միայն դրսի ներդրողների, այլ նաև հայաստանյան բիզնեսի ներկայացուցիչների հետ որդեգրած քաղաքականության հարցում: Դժվար թե հարկերի տակ կեղեքվելու հեռանկարը այդչափ դյութիչ լինի օտարերկրյա ներդրողների համար, որպեսզի նրանք էլ իրենց հերթին աջակցեն Մարությանին՝ կատարել սեփական քաղաքացիներին տված խոստումները:
 
Նոր տրանսպորտային ցանցի դեպքում պատմությունը գրեթե նույնն է՝ գաղափարը կա, գումարը՝ ոչ: Մարությանը անգամ բյուջեն հավաքագրելու հետ կապված խնդիրների է բախվել և գալու է մի պահ, երբ Երևանի կիսահավաքագրած բյուջեն ուղիղ անդրադառնալու է երկրի բյուջեի ցուցանիշների վրա՝ բացասական կտրվածքով։ Սակայն Մարությանը ավելի կարևոր գործեր ունի. կարելի է գեղեցիկ թվեր նկարել, գեղեցիկ կանխատեսումներ անել, մյուս կողմից էլ սլաքները թեքել նախկինների կողմը՝ մեղադրելով արածի ու չարածի մեջ, անհիմն քրեական գործեր հարուցելով՝ կարևորը հանրության ուշադրությունը կարճ ժամանակով էլ կշեղվի: Օրինակ, կշեղվի շրջիկ առևտրականների ուշադրությունը, որոնց Մարությանը իսպառ ցանկանում է վերացնել Երևանի փողոցներից՝ որևէ այլընտրանք չառաջարկելով: Հիշեցնենք, նույն Մարությանը ղեկավարման առաջին ամիսներին, երբ դեռ թավշյա քաղաքապետի դերի մեջ էր, խոստացել էր լուծել այդ նույն վաճառականների հարցը՝ առանց հարվածելու վերջիններիս առևտրին, եկամուտներին: Ինչպես տեսնում ենք՝ Մարությանի մոտ չի ստացվում պահել անգամ այդ խոստումը…