«Հրապարակ» թերթը գրում է. «Վերակազմավորված սուպերնախարարությունում՝ ԿԳՄՍ-ում, ամեն ինչ այնքան էլ հարթ չէ։ Մենք տեղեկացանք, որ մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը դատի է տվել փոխնախարար Նարինե Թուխիկյանին։

Աբրոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ոչ թե դատի է տվել, այլ դիմել է Գլխավոր դատախազության պետական շահերի վարչություն, իսկ այլ մանրամասներ չցանկացավ այդ պահին բարձրաձայնել։ Թե ինչով է պայմանավորված իր դիմումը, Աբրոյանը նշեց, որ այն կապված է պեղումների թույլտվությունների տրամադրման հետ:

Այսինքն՝ չարաշահումնե՞ր են արձանագրվել։ «Ես չեմ ուզում ոչ մի գնահատական տալ։ Իմ դիմումի մեջ գրել եմ ինչ պետք է, բայց դա հրապարակային բան չէ»,- ասաց նա ու հավելեց, որ դատախազությունից տեղեկություններ են պահանջել, որոնց մի մասն իրենք տրամադրել են․ «Երբ ինձ կկանչեն կամ կհրավիրեն, ավելի շատ ու ավելի մանրամասն կներկայացնեմ»։ Աբրոյանը դեռ չի ուզում, որ այս գործը լուսաբանվի, ասում է՝ քանի որ իրավական գործընթաց է, թող նախ դատախազությունը գնահատական տա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում