«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է երեկ տեղի ունեցած «Վերնատուն» ակումբի համաժողովին:

Նշենք, որ ակումբը քաղաքա-հասարակական է, որին մասնակցում են տարբեր կուսակցությունների նախկին և ներկա անդամներ, իսկ նախաձեռնողը Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է:

««Վերնատուն»-ն, ինչպես հասկացա, քաղաքական անցյալ ունեցող մարդկանց միավորում է: Նրանք հավաքվել էին, փորձում էին իրենց նկատած խնդիրները քննարկել, գուցե նաև լուծել: Ես հույս ունեմ, որ իրենք առողջ հիմքերի վրա կքննարկեն բոլոր հարցերը»,- նշեց Աղազարյանը:

Հարցին, թե ինչո՞ւ հենց Վազգեն Մանուկյանը նախաձեռնեց այդ ակումբը, և ինչո՞ւ համաժողովը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ինքն այլևս Հանրային խորհրդի նախագահը չէր, պատգամավորը պատասխանեց.

 

«Վազգեն Մանուկյանը, որպես Հանրային խորհրդի նախագահ, լայն հնարավորություն ուներ իրեն մտահոգող խնդիրների շուրջ հենց խորհրդի սահմանադրական լիազորությունների շրջանակում աշխատանքներ կատարել և խորհրդատվություն ներկայացնել իշխանությանն ու կառավարությանը: Հատկապես, որ ինքը գտնում է, որ կառավարությունն այս կամ այն հարցի լուծման վերաբերյալ  ճիշտ ուղղության վրա չէ: Բայց նա փոխհամագործակցության ճանապարհով չի գնացել և գուցե հիմա այս մեթոդով է փորձում բարձրաձայնել իր մտահոգությունների մասին»,- ասաց պատգամավորը:

Մենք մեջբերեցինք երեկ Վազգեն Մանուկյանի այն հայտարարությունը, թե՝ «ի տարբերություն նախորդ իշխանությունների, այս իշխանությունն ու վարչապետ Փաշինյանը բաց չեն եղել համագործակցության համար, և հենց դա է պատճառ հանդիսացել, որ համագործակցություն չի եղել Հանրային խորհրդի և իշխանությունների միջև»: Մեջբերմանն ի պատասխան՝ Աղազարյանն ասաց. «Պարտադիր չէ, որ Հանրային խորհրդի նախագահը նստի վարչապետի հետ թեյ խմի  և այդ թեյի շուրջ լինի քննարկումը: Թե՛ կառավարությունում, թե՛ խորհրդարանում գործընթացները տեղի են ունենում թափանցիկ: Հանրային խորհուրդը յուրաքանչյուր հարցի վերաբերյալ կարող էր քննարկումներ ծավալել և տալ իր գնահատականը, որն էլ հասու կլիներ վարչապետին և կառավարությանը: Ի՞նչ անհրաժեշտություն կա, որպեսզի ամենօրյա կամ հաճախակի շփումների արդյունքում տեղի ունենա համագործակցությունը»:

 

Աղազարյանի կարծիքով՝ Վազգեն Մանուկյանը՝ որպես Հանրային խորհրդի նախագահ, յուրաքանչյուր պահի կարող էր խորհրդի անդամների հավաքական  կարծիքը հայտնել իշխանություններին ցանկացած հարցի վերաբերյալ, դրա հնարավորությունը միշտ եղել է:

 

«Կարող էր նույնիսկ թղթային տարբերակով ուղարկել իրենց գնահատականն ու առաջարկները, բայց չի արվել այդ ամենը:  Ես չեմ ուզում խորանալ պատճառների մեջ, ես անձամբ իրեն բացասականորեն չեմ վերաբերվում, բայց այն ուժերը, որոնք հավաքված են իր շուրջը, նրանք՝ Ռոբերտ, Սերժ առանցքի շուրջ պտտվող ուժերն են: Դեռ կարելի է սպասել մի որոշ ժամանակ՝ հասկանալու՝ Վազգեն Մանուկյանը կօգտագործի այդ ուժերի հնարավորությունը հանուն մեր երկրի բարգավաճման, թե այդ ուժերը կօգտագործեն Վազգեն Մանուկյանին ու նրան կծառայեցնեն Ռոբերտ, Սերժ շրջանակի շահերին: Այս ամենը ժամանակը դեռ ցույց կտա»,- ասաց Աղազարյանը:

Անդրադառնալով ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանի այն խոսքին, թե նոր իշխանությունը կրկնում է նախորդների սխալները՝ պատգամավորն ասաց, որ Ռուստամյանը նման կերպ արտահայտվելու համար ոչ մի հիմք չունի:

 

«Մենք ոչ մեկս ապագայից չենք եկել, մենք բոլորս  եկել ենք երեկվանից և, հետևաբար երեկվանից գալով, մենք էլ գուցե կրում ենք ինչ-որ երևույթներ, ինչ-որ դաջվածքներ անցյալից: Այնուամենայնիվ, մենք առաջին իսկ օրվանից փորձում ենք արմատախիլ անել բացասական երևույթները, ուղղակի միանգամից ազատվել բոլոր բացասական երևույթներից, անհնար է, ժամանակ է պետք:  Մենք արդեն ունենք շատ կարևոր ձեռքբերումներ, որոնց գոյությանը ոչ ոք չի կասկածում: Ռուստամյանին կարող եմ շատ հակադարձել, երբ առիթը կլինի»,- եզրափակեց պատգամավորը: