Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, Արցախում կազմակերպված ստորագրահավաքի և «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման մասին ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի հետ։
-Ինչպե՞ս եք վերաբերում այս շարժմանը, աջակցո՞ւմ եք։
Երբ Արցախում գտնվի թեկուզ մեկ հոգի, որ դեմ լինի այդ նախաձեռնությանը՝ այդ ժամանակ ես կաջակցեմ։
- Արցախը Հայաստանի աջակցության կարիքը չունի՞։
-Ինչի՞ն աջակցեմ, ձեր կարծիքով կգտնվի՞ մեկը, ով կասի, որ կողմ է Արցախի էթնիկ զտմանը։
-Ստորագրահավաքի նպատակը նման մարդկանց բացահայտելը չէ։ «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժումը պահանջագիր է ներկայացնում միջազգային հանրությանը:
-Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է, իր անկախության մասին հայտարարել է, պատերազմի մեջ է եղել Ադրբեջանի հետ։ Սրանք արդեն ավելորդություններ են իմ կարծիքով։ Այսօր Արցախի Հանրապետությունը անկախ պետություն է, պետք է բոլորս լծվենք իր բնակիչների, մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքին օժանդակելու համար, թե չէ ժողովուրդն ինքնորոշվել է, իր անկախության մասին հայտարարել է, երկար տարիներ է այդ ամեն ինչը այդպես։
-Ստորոգրահավաքն ավելորդությո՞ւն եք համարում։
-Ես կարծում եմ, որ պետք է կենտրոնանալ այլ խնդիրների լուծման վրա։ Արցախի ժողովուրդը ունի իր իշխանությունը և իր իշխանությունը կարող է ձայնը բարձրացնի տարբեր ատյաններում, ինչպես և անում է։ Սա մի հարց է, մեկ այլ հարց է Ադրբեջանի թշնամական կեցվածքը։ Մի անգամ էլ ասենք անկախացել ենք, էլի ասենք անկախացել ենք, մի քիչ էլ ենք անկախացել, ավելի ենք անկախացել, իմաստը ո՞րն է։
-Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանն է։ Ձեր կարծիքով Հայաստանի իշխանությունները իրենց գործառույթը պատշաճ իրականացնո՞ւմ են։
-Որ ասում են Հայաստանը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը չի, ես դրա հետ համաձայն չեմ, հակառակ դեպքում Հայաստանի իշխանությունները ինչո՞ւ են անընդհատ բանակցությունների մեջ Ադրբեջանի հետ։ Միջազգային հանրության տարբեր հարթակներում ինչո՞ւ է այդ ամեն ինչը տեղի ունենում։ Իհարկե, շատ կան մարդիկ, որոնք Ադրբեջանի տեսակետն են առաջ մղում, թե մենք պատերազմել ենք Ադրբեջանի հետ։ Մենք Ադրբեջանի հետ չենք պատերազմել, Ադրբեջանը ցանկացել է արյան մեջ խեղդի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Արցախի ժողովուրդը զենք է վերցրել իր իրավունքները պաշտպանելու համար և Հայաստանից, ինչպես նաև ամբողջ աշխարհից տասնյակ հազարավոր հայորդիներ գնացել են կանգնել են իրենց եղբայրների, քույրերի կողքին։ Բա հիմա եթե Հայաստանը չի պատերազմել Ադրբեջանի հետ, բայց բանակցությունների մեջ ամեն տեղ ինքն է, փորձում է հարցերը լուծել, բա էլ երաշխավորը ո՞նց է լինում։ Չհաշված հսկայական ֆինանսական օգնությունը, որն իրականացվում է, պարտավոր ենք։
- Սյունիքով միջանցք Ադրբեջանի իշխանությունները ունենալո՞ւ են, մեր իշխանություններն, ըստ Ձեզ, հերթական զիջմանը կգնա՞ն։
- Այն ձևով, որ Ադրբեջանն է պատկերացնում, հնարավոր չէ, բացառված է՝ ինչ ճնշում էլ որ լինի։ Կան տարբերակներ, որոնք ինձ համար ընդունելի են և որը չի իջեցնում մեր հայրենիքի, մեր պետության սուվերենությունը։ Այլ տարբերակներով, իհարկե, պետք է ճանապարհները բացվեն, պետք է մարդիկ իրար հետ շփվեն, անկասկած։ Տեղին չէ Արցախի և Հայաստանի, մյուս կողմից Ադրբեջանի և Նախիջևանի միջև զուգահեռներ անցկացնելը։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին՝ Հակարի գետի վրա կառուցված կամրջի սահմանին Ադրբեջանի կողմից սահմանային անցակետ տեղադրելու օրվանից արցախահայ երիտասարդության շրջանում սկսվել է «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժումը, որը Արցախի ողջ բնակչության անունից պահանջագիր է հրապարակել՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետություններին, ՌԴ նախագահին՝ նաև որպես խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի ղեկավարի, ՀՀ վարչապետին: Կազմակերպվել է նաև ստորագրահավաք: