Երկու օր է` մամուլում և սոց. ցանցերում քննարկվում է «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի այն միտքը, թե ինքը քրիստոնյա է, բայց հավատացյալ չէ: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը թեմայի մասին զրուցել է Հովիկ Աղազարյանի հետ: «Այո, ես ասել եմ ու էլի եմ ասում` ես քրիստոնյա եմ, որովհետև ես քրիստոնեական արժեհամակարգի կրողն եմ, բայց հավատացյալ չեմ, դա մեղք է, չգիտեմ: Ես հարգում եմ բոլոր մարդկանց կրոնական զգացողությունները, ոչ թե միայն հայերի, այլ բոլոր, բոլոր մարդկանց և կուզեի, որ մարդիկ էլ հարգեն իմ զգացողություններն ու մոտեցումները՝ հավատքին ու կրոնին»: Աղազարյանը կրկնեց այն միտքը, թե դեմ է, որ իր 7 տարեկան թոռնիկն աղոթք է անում:
«Այն, ինչ վերաբերում է թոռնիկիս, և առհասարակ, երեխաներին, ես չեմ հասկանում` ինչ է նշանակում 6-7 տարեկան երեխան,այսպես կոչված, աղոթքով պետք է շփվի Աստծո հետ, ինձ համար դա անընդունելի է: Դա ես համարում եմ հոգեորսություն, որովհետև այդ տարիքի երեխան չի կարող ամբողջական և խորքային պատկերացում ունենալ այդ երևույթի վերաբերյալ: Սա իմ մոտեցումն է, հասկանում եք, գուցե ես այն աստիճանի չեմ զարգացել, որ ինձ հավատացյալ համարեմ, գուցե ես այդ աստիճանի չեմ հասկանում մեր կրոնը: Հիմա այս մոտեցումն է ավելի անկեղծ, թե այն, որ մինչև երեկո մեղքեր գործեմ, հետո գնամ եկեղեցի, մեղքերիս թողություն խնդրեմ և հաջորդ օրն էլի նույն մեղքերը գործեմ: Ու այդպես, մեղսավոր կյանքով ապրելով ինձ կոչեմ հավատացյալ քրիստոնյա: Որ մարդն է ավելի ընդունելի, ինձ ասեք»։