«Երեխաների իրավունքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 30-ամյակն է: Տոնի առթիվ նոյեմբերի 20-ին բազմաթիվ երեխաներ հավաքվել էին ՀՀ նախագահական նստավայրում: Երեխաների հետ հանդիպել և նրանց հարցերին պատասխանել են կառավարության անդամները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով երեխաներին, նշել է, որ թեպետ յուրաքանչյուր օր պետք է լինի երեխաների տոնը, սակայն այսօր այն նշվում է այս ձևաչափով:


Երեխաները Արայիկ Հարությունյանին մի շարք հարցեր են ուղղել: Նրանցից մեկին հետաքրքրում էր դպրոցների տեխնիկական հագեցվածության խնդիրը, որին ի պատասխան՝ նախարարը նշել է, որ մինչև տարեվերջ մարզային 105  դպրոցների տրամադրվելու են պրոյեկտորներ և ինտերակտիվ գրատախտակներ, մյուս տարի 90 ավագ դպրոց կստանա 303 լաբորատոր գույք և սարքավորում: Բացի այդ, 2020 թվականին նոր ինժեներական լաբորատորիաների և ռոբոտաշինության խմբակների ծրագրում կընդգրկվի հանրապետության բոլոր դպրոցների շուրջ կեսը: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ հանրապետության գյուղական համայնքներում 2020 թվականին նախատեսվում է փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող 22 նոր դպրոցի կառուցում:

 
Реклама 25

Երեխաներին հետաքրքրել է նաև դպրոցական ուսումնական պլանի ծանրաբեռնվածության հարցը։ Նախարարը տեղեկացրել է, որ  այդ նպատակով ներկայում վերանայվում են Հանրակրթության պետական չափորոշիչը, առարկայական չափորոշիչներն ու ուսումնական ծրագրերը:

 

Նրանց հետաքրքրել է նաև՝ ինչո՞ւ են երեխաները դասերի փոխարեն գերադասում աշխատել, արդյոք դպրոցը հետաքրքի՞ր չէ: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ արդեն ստեղծվել է կրթության կառավարման միասնական համակարգ, ինչը հնարավորություն կտա կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերել և նրանց վերադարձնել դպրոց: Նա նշել է, որ կրթությունից դուրս մնալու պատճառները միանշանակ չեն. խնդիրներ կան և՛ սոցիալական, և՛ առողջապահական առումով:

Հանդիպման ընթացքում բարձրացվել է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության և նրանց հանդեպ խտրական վերաբերմունքի հարցը: Նախարարը նշել է, որ մեր երկիրը որդեգրել է համընդհանուր ներառական կրթության գաղափարախոսությունը. անցումը համընդհանուր ներառման նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականը և այս ճանապարհին կարևորել է աշակերտների ներգրավվածությունն ու աջակցությունը: