Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմն արդեն հայտնի է, իսկ նախագահ է ընտրվել Հայկուհի Հարությունյանը: Հանձնաժողովի աշխատանքների, սպասվող արդյունքների, ինչպես նաև կառույցի անկախ լինելու մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց հակակոռուպցիոն փորձագետ, փաստաբան Մարատ Ատովմյանի հետ:
«Ի սկզբանե դիտարկվում էր այդ մարմնի՝ մրցութային եղանակով ձևավորելու տարբերակը: Իմ կարծիքով, եթե այդպես ձևավորվեր, այն շատ ավելի անկախ կլիներ, քան այս ձևաչափը»,- ասաց Ատովմյանը:
Փորձագետը կարծում է, որ, եթե հանձնախումբը կարողանա բարձր պրոֆեսիոնալ մակարդակով, օրենքով նախատեսված իր գործառույթները իրականացնել՝ հնարավոր է լավ արդյունք ունենա. «Դա արդեն կախված է այնտեղ ներգրավված անձանց պրոֆեսիոնալիզմից, աշխատանքի նկատմամբ իրանց նվիրվածությունից: Ժամանակը, ամեն դեպքում, ցույց կտա արդյունավետությունը այդ մարմնի գործունեության»:
Ատովմյանը նշեց, որ հանձնաժողովի արդյունավետությունը, ամենայն հավանականությամբ, կերևա մի քանի ամսվա ընթացքում, երբ այդ մարմինն ամբողջությամբ ձևավորվի, սկսի իր գործունեությունը, իրականացնի իր գործառույթները. «Ես կարծում եմ, որ 1 տարի հետո ամեն ինչ շատ ավելի հստակ կլինի, երբ նրանք նաև կիրազեկեն հանրությանը, թե ինչ հաջողություններ են արձանագրել, ինչ ուղղությամբ են աշխատանքներ տարել: Ու ամենակարևորը՝ այդ ամենը, ինչ օգուտ է բերել Հայաստանին: Միայն այս ամենի արդյունքում մենք կհասկանանք նրանց գործունեության արդյունավետությունը»:
Նոր կառույցը չի զբաղվելու կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ, այլ հիմնականում իրականացնելու է կանխարգելիչ ուսուցողական գործառույթներ, որը, ըստ Ատովմյանի, ևս կարևոր է: Ոչ պակաս կարևոր, քան պատժիչ գործողությունները:
«Հանձնաժողովը նաև վերլուծելու է պաշտոնական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի տվյալները, որը ևս կարևոր է: Հայտարարագրերի վերլուծությունը կարևոր է, ինչպես կոռուպցիայի կանխարգելման առումով, այնպես էլ՝ կոռուպցիոն դեպքերի բացահայտման՝ հատկապես բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ էլիտար կոչվող կոռուպցիայի դեմ պայքարելու, ինչպես նաև այն կանխարգելելու առումով»,- խոսքն ամփոփելով՝ ասաց փորձագետը:
Լուսինե Մարդոյան