Երեկ հրազենային վիրավորումից մահացած Արթուր Աջամյանի հարազատները պնդում են՝ իրենց զինվորին սպանել են և պահանջում են տեսագրություն, թե ինչպես է սպանվել նա։ Մահացած զինծառայողի հարազատներն ու համագյուղացիները գտնվում են դիահերձարանի շենքի դիմաց և պնդում են, որ թույլ չեն տալու իրականացնել դիահերձում՝ մինչև իրենց պահանջը չբարարվի։
«Չենք գնալու այստեղից մինչև չպարզվի՝ իրականում ինչ է տեղի ունեցել: Մենք ամեն օր իր հետ խոսել ենք, ինքը երբեք դժգոհ չի եղել ծառայությունից։ Վիրավոր կա, թող նրան հարցնեն, ո՞նց է դեպքը եղել»,- ասում են Արթուր Աջամյանի պապն ու հորաքույրը:
Երեկ էլ՝ Արթուր Աջամյանի ծնունդն էր, նա կդառնար 21 տարեկան։
Ավելի վաղ ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում Արտաշարի համայնքապետ Մանվել Օհանյանը պատմել էր, որ մահացած զինվորը հանգիստ, խելոք, չափի մեջ երեխա էր։ Բանակ էր զորակոչվել այս տարվա հունվար ամսին։
Արթուրը Արմավիրի մարզի Արտաշար գյուղից էր, ազգությամբ եզդի, ծնողներն ամուսնալուծված էին, տատի ու պապի խնամակալության ներքո էր։ «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում․․․ Արթուրին տատն ու պապն էին խնամում: Մայրը Մասիսի շրջանում է ապրում, մենք նրանից տեղեկություն չունենք, գիտենք, որ ամուսնացած չէր։ Երբեմն գնում էր մոր մոտ, գալիս էր, բայց վերջին շրջանում տատի ու պապի մոտ էր։ Հայրն էլ արտասահմանում է, ամուսնացած է: Հոր կողմից մի եղբայր ունի: Տատն ու պապը թոշակառու են, զբաղվում են անասնապահությամբ եւ հողագործությամբ»,- ասել էր գյուղապետը: