Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում դեկտեմբերի 2-ին, զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում ստացած, ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի հարազատները։
«Իմ երեխին եմ ուզում։ Ես իմ զինվորին եմ ուզում, 20 տարի որբ պահեցի, բալես իմ խնամքին էր, բերեք իմ բալին։ Իմ երեխին սպանողին բերե՛ք, տվեք ինձ, իրա արյունը խմեմ, որ երեխիս վրեժը հանեմ։ Դեկտեմբերի 1-ին խոսել եմ երեխիս հետ, ասաց դիրքերում է, ամեն ինչ լավ է։ Երանի թուրքի ձեռով գնար, քան թե հայի ձեռով իմ բալեն գնար»,- ասաց Արթուրի մայրը՝ Գոհար Ֆերոյանը, որը պնդում է, թե իր երեխային սպանել են։
Բողոքող հարազատների հետ հանդիպեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Վերջինս խոստացավ, որ իրենց հանձնաժողովը նրանց կողքին կանգնած է լինելու և ամեն ինչ անելու է ճշմարտության բացահայտման համար․ «Մեր խնդիրը բանակում սպանություններն ու ինքնասպանությունները բացահայտելն է, որը տարիներով կուտակված դրսևորում է։ Բանակում պետք է արմատախիլ անել այն երևույթները, որոնք հանգեցնում են այդպիսի հետևանքների»,- նշեց նա։
Մահացած զինվորի հորեղբայրը հարց ուղղեց Անդրանիկ Քոչարյանին՝ եթե հետաքննություն է գնում տվյալ հանցագործության վերաբերյալ, ինչո՞ւ են ինքնասպանության պիտակ կպցնում իրենց զինվորին․ «Զինվորները դիրքեր են բարձրանում պարտադիր սպայի հետ։ Այդ ժամանակ որտե՞ղ է գտնվել իրենց սպան։ Ես համոզված եմ, որ աֆիցեռն էլ գիտի, զորամասի բոլոր ծառայողները գիտեն, զորամասից մեզ զանգեր են գալիս, ասում են եղել է կռիվ, եղել է սպանություն։ Եթե զինծառայողը տեղյակ է դրանից, ապա բարձրաստիճան մարմինները հաստատ տեղյակ կլինեն»,- նշեց նա։
Ի պատասխան՝ Քոչարյանն ասաց, որ նախաքննական մարմինը քննության ընթացքում կգտնի նրանց հարցերի պատասխանները, և իր խնդիրն է, որ այդ պատասխանները լինեն օբյեկտիվ։
Մահացած զինվորի մայրը վշտից ուշագնաց եղավ։