Ախտահանող միջոցների օգտագործումը տունը մաքրելիս՝ այն հույսով, թե կապահովվի լավագույն պաշտպանություն գրիպից և այլ վարակներից, վատ գաղափար է, հավաստիացնում են մասնագետները։

Այդ միջոցների պատճառած վնասն ավելի մեծ է, քան օգուտը, գրում է Focus ամսագիրը։ Գիտնականների խոսքով՝ ախտահանող միջոցների հաճախակի օգտագործումը կարող է նպաստել ակտիվ բաղադրիչների հանդեպ միկրոօրգանիզմների անընկալունակության զարգացմանը, որոնք մտնում են այդ միջոցների բաղադրության մեջ։ Հետևաբար, ժամանակի ընթացքում այդ միջոցները կարող են դառնալ պարզապես անարդյունավետ։

Ռեզիստենտությունը

Ռիսկերի գնահատման դաշնային ինստիտուտի (BfR) տվյալներով՝ միկրոօրգանիզմները կարող են առաջ բերել կայունություն մանրէասպան նյութերի հանդեպ, եթե դրանք կանոնավորապես ենթարկվում են այդ բաղադրիչների ազդեցությանը ոչ մեծ, ոչ մահացու քանակությամբ։ Միևնույն ժամանակ, խմորիչները և մանրէները ունեն գոյատևելու մեխանիզմ, որի շնորհիվ կարող են գենետիկորեն փոխանցել ախտահանող միջոցների հանդեպ կայունությունը։

Գուցե, հենց այդ պատճառով ուժեղ ախտահանվող տարածքներում ավելի հաճախ են հանդիպում վտանգավոր միկրոօրգանիզմներ։ Հետազոտությունը, որն անցկացրել է Գրացի Տեխնոլոգիական համալսարանին կից Շրջակա միջավայրի տեխնոլոգիաների ինստիտուտը, ցույց է տվել, որ մանրէների կայունությունը ուժեղ գործող հակաբիոտիկների հանդեպ ավելի հաճախ է ամրագրվում այն վայրերում, որոք ձգտում են պահել ստերիլ մաքրության մեջ, օրինակ՝ ինտենսիվ թերապիայի հիվանդանոցային բաժանմունքներում։ Հետազոտության համաձայն՝ ախտահանվող միջոցներով մաքրվող տարածքներում շատ ավելի հաճախ են հայտնաբերվում գոյատևած մանրէներ, քան պարզապես մաքուր տարածքներում, որոնք մաքրվել են առանց ախտահանող միջոցների։

Պոտենցիալ վտանգն առողջության համար

Սխալ օգտագործման կամ դժբախտ պատահարի հետևանքով ախտահանող նյութերը կարող են հանգեցնել ալերգիայի առաջացման, ինչպես նաև մաշկի և աչքերի այրվածքների։ Դրանց գոլորշիներում պարունակվող նյութերը կարող են թափանցել օրգանիզմ շնչելիս կամ վնասել լորձաթաղանթի հյուսվածքներն ու բջիջները։

Մասնագետների խոսքով՝ անգամ ձեռքերի համար ախտահանող նյութերն անվտանգ չեն, չէ՞ որ դրանք կարող են փոխել մաշկի բնական ֆլորան, սպանել օգտակար միկրոբները դրա մակերեսին, առաջ բերել մաշկային ռեակցիաներ և էկզեմա։ Միևնույն ժամանակ, վնասված մաշկի վրա կարող են առաջանալ ոչ միայն ախտածիններ, այլև թունավոր նյութեր։

Առողջության համար ռիսկերը նվազագույնի հասցնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս չախտահանել տունը առանց լուրջ անհանգստության, պարզապես կանոնավորապես կատարել կարևոր մաքրությունը, լվալ ձեռքերը և զգուշորեն մշակել ու պահպանել սննդամթերքները։

med.news.am