Այս օրերին իշխանությունների հանդեպ քննադատության նոր ալիք բարձրացավ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանն ու կառավարությունը Ամանորի տոնական միջոցառումների համար նախատեսել են 541 միլիոն դրամ կամ շուրջ 750 հազար դոլար։ Թե որքանո՞վ է արդարացված հատկացված գումարի չափը, արդյո՞ք հնարավոր չէր ավելի քիչ գումարով տոնական տեսք հաղորդել քաղաքին, այս և այլ հարցերի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Երևան քաղաքի նախկին գլխավոր դիզայներ Գագա Ամատունու հետ:
«Ընդհանրապես չեմ պատկերացնում, թե ինչ պետք է արվի այդ գումարով: Կարծես թե, հանրությանն էլ չի ներկայացվել՝ ինչ է արվելու: Քանի որ դեռ չգիտեմ՝ ինչ է արվելու, չեմ կարող գնահատական տալ ու ասել արդարացված է գումարի չափը, թե ոչ: Հնարավոր է՝ այնպիսի լուծումներ են տրվելու, այնպիսի բան է արվելու, որը զարգացնելու է քաղաքը, տուրիզմը, մեր երկիրը PR է լինելու, այդ ժամանակ կարող ենք ասել արդարացված է: Ինձ մոտ հարց է առաջանում՝ այս ընթացքում հասցնելո՞ւ են անել այն, ինչ նախատեսել են, քանի որ ընդամենը օրեր են մնացել Ամանորին: Գնահատական կկարողանամ տալ այն ժամանակ, երբ աշխատանքներն ավարտված լինեն և հասկանալի կլինի՝ արժե՞ր այդքան գումար ծախսել, թե ոչ: Գուցե այնպիսի բան լինի, որը չլինելու դեպքում մեր քաղաքը վատ տեսք ունենար»,- ասաց Ամատունին՝ նշելով, որ նախորդ տարիներին բավականին քիչ գումար էր ծախսվում, ուստի հիմա անհամբեր սպասում է արդյունքին:
Քաղաքացիների կարծիքով այն ժամանակ էլ Երևանը պակաս գեղեցիկ տեսք չէր ունենում՝ դիտարկմանն ի պատասխան Երևան քաղաքի նախկին գլխավոր դիզայները նկատեց. «Ոնց տեսնում եմ, այս տարի նախորդ տարվա զարդերն են օգտագործված: Դեռ նոր բան չեմ տեսել»,- նշեց նա:
Ամատունին հիշեց՝ նախկինում էլ իրենց էին քննադատում Ամանորյա զարդարանքների համար նախատեսվող գումարների համար: Նրա խոսքով՝ նախորդ տարիների այս օրերին արդեն հանրությանը տեղեկացվում էր, թե որքան գումար ինչի համար է ծախսվելու. «Մինչև դեկտեմբերի 1-ը մամլո ասուլիս էր տրվում, ներկայացվում էին այն վայրերը, որտեղ պետք է լինեին միջոցառումներ, ինչ ձևավորում պետք է լիներ և որքան գումար էր նախատեսվում դրանց համար»,- ասաց Ամատունին:
Նկատենք, որ Երևանի քաղաքապետարանն այլևս քաղաքի գլխավոր դիզայներ չունի: Իշխանափոխությունից հետո, երբ խորհրդականների թիվը կրճատվեց, դրա հետ մեկտեղ դուրս եկավ նաև գլխավոր դիզայների հաստիքը:
Նշենք, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք Ամանորի միջոցառումների համար 40 միլիոն դրամ էր ծախսվում, իսկ հիմա մոտ 10 անգամ ավելի շատ:
Սոնա Հարությունյան