Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցությունը բարեկամական, ռազմավարական հիմքի վրա է և վերջին շրջանում նոր որակի հարաբերություններ է արձանագրել:

Դեկտեմբերի 13-ին «Ռուսաստանի և Հայաստանի ԶԼՄ-ներ. անկեղծ զրույց» խորագրով համաժողովի ժամանակ այս կարծիքը հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

Հաշվի առնելով, որ Լազարյան ակումբը հայ-ռուսական միջոցառում է, Վլադիմիր Կարապետյանը խնդրեց, որ, այսուհետև Հայաստանում կազմակերպվող միջոցառումները տեղի ունենան Հայաստանի լեզվի մասին օրենքի պահանջներին համապատասխան' համաժամանակյա թարգմանության ապահովմամբ:

Նա ողջունեց Լազարյան ակումբի «Ռուսաստանի և Հայաստանի ԶԼՄ-ներ. անկեղծ զրույց» խորագրով համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց մասնակցության հրավերի համար:

«Նկատի ունենալով, որ այս միջոցառումը միտված է հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը՝ կցանկանամ նախ և առաջ խոսել մեր երկու պետությունների հարաբերությունների նոր և բարձր մակարդակի մասին: Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցությունը բարեկամական, ռազմավարական հիմքի վրա է և վերջին շրջանում նոր որակի հարաբերություններ է արձանագրել: Թավշյա, ոչ բռնի, խաղաղ հեղափոխությունից հետո առկա է փոխգործակցության լայն և արդյունավետ շրջանակ: Այն արտահայտվում է ինչպես ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակում, այնպես էլ երկկողմ համագործակցությամբ: Միայն 2019 թ. ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները հանդիպել են 4 անգամ, նույնքան հանդիպում է տեղի ունեցել նաև վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Հանդիպումների այսպիսի ինտենսիվությունը նշանավորումն է նրա, պատասխանն է այն հարցի, թե ինչպիսի արդյունքներ են գրանցել հայ-ռուսական հարաբերությունները վերջին մեկուկես տարում: Կողմերը սովորաբար հաճախակի հանդիպում են այն ժամանակ, երբ համագործակցելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորություն կա: Այս ամենի բնական շարունակությունն էր այն, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները Երևանում պայմանավորվածություն ձեռք բերեցին փոխադարձ պաշտոնական այցեր կատարել, ինչը նշանակում է, որ մեր երկու երկրները միմյանց միջև հարաբերություններում արդյունավետություն են գրանցել»,- ասաց Կարապետյանը:

Վարչապետի մամուլի քարտուղարը նշեց, որ 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի աշխատանքներին, որի ընթացքում նույնպես սպասվում են շփումներ մեր ռուս գործընկերների հետ:

Կարապետյանը ընդգծեց, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո հայաստանյան մամուլը կարողանում է ազատ գործունեություն ծավալել:

«Ասվածն իր արտահայտությունն է գտել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից հրապարակված վարկանիշային աղյուսակներում, որտեղ Հայաստանը բարելավել է իր դիրքերը: Մասնավորապես, խոսքը «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հեղինակավոր կազմակերպության գնահատականի մասին է, ըստ որի՝ 2018 թ. Հայաստանը բարելավել է իր դիրքերը 19 կետով՝ հայտնվելով 61-րդ հորիզոնականում: Հայաստանը նաև 8-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում առցանց ազատության մակարդակով՝ բարելավել է դիրքը Freedom House իրավապաշտպան կազմակերպության Freedom on the Net 2019 զեկույցում, որը վերաբերում է առցանց ազատությանը: Սակայն կան ինչպես հաջողություններ, այնպես էլ բազմաթիվ մարտահրավերներ: Հեղափոխությունից հետո ընդդիմության, այդ թվում՝ նախորդ իշխանության վերահսկողության տակ է շարունակում մնալ լրատվամիջոցների գերակշիռ մասը: Մարտահրավերներից առավելը շարունակում է մնալ ֆեյքնյուզի տարածումը: Վստահ եմ՝ Երևանում տեղի ունեցող այս միջոցառումը կնպաստի մեր երկու պետությունների փոխգործակցության սերտացմանն ու տեղեկատվության ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված փորձի փոխանակմանը»,- եզրափակեց Կարապետյանը: