Այսօր հրապարակվեց մի փաստաթուղթ, որի համաձայն՝ արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով կալանքից ազատել ՀՀ 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։ Հայտարարության տակ նշված են մի շարք անուններ։ Նկատենք, որ ի պատասխան նրանց՝ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ երախտագիտություն հայտնելով հոր ազատ արձակման կոչով հանդես եկած հայտնիներին:
ԼՈՒՐԵՐ․com-ը կապ հաստատեց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նունե Եսայանի հետ, որի անունը ևս նշված է հրապարակման մեջ։ Հետաքրքրվեցին՝ ստորագրե՞լ է արդյոք նման փաստաթղթի տակ, սակայն վերջինս ոչ հերքեց, ոչ հաստատեց, միայն նշեց, որ հոգնել է նմանատիպ խոսակցություններից։ Դիտարկմանը, թե կարևոր չէ՞, երբ իր անունն է շոշափվում, երգչուհին այսպես արձագանքեց․ «Կարևոր հարց է, թող լուծեն քաղաքական գործիչները»,- նշեց նա։
Մեզ հետ զրույցում երգիչ Էրիկ Կարապետյանն էլ կտրականապես հերքեց, որ ստորագրել է ինչ-որ փաստաթղթի տակ․ «Երբևէ տեսե՞լ եք, որ ես քաղաքականության հետ կապ ունենամ, մեկի կամ մյուսի հետ կապ ունենամ, ես ոչ ոքի հետ կապ չունեմ։ Այդ նյութերն էլ անկապ ինչ-որ բաներ են, մի՛ խորացեք։ Ես միանշանակ ոչ մի բան չեմ ստորագրել ու ոչ ոք էլ ոչինչ չի ստորագրել։ Ստորագրությունները կա՞ն, իմ անունը կարող են հազար տեղ գրել, ես ոչ մի բանի հետ կապ չունեմ, ոչ էլ հետաքրքիր է»,- ասաց նա։