Այս պահին լարված իրավիճակ է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի շենքի դիմաց: Կրթահամալիրի ուսուցիչներն ու սովորողները փորձում են թույլ չտալ կրթահամալիրի մասնաճյուղերից մեկի ու հարևան մանկապարտեզի միջև մետաղական ցանկապատի կառուցումը, որի տեղադրման դեպքում կրթահամալիրի երեխաները կզրկվեն հետիոտնի համար նախատեսված անցումից դեպի մյուս մասնաճյուղ և ստիպված կլինեն անցնել փողոցով։ Տեղում են նաև ոստիկանները:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի խոսքով՝ իրենց անհանգստացնում է ոչ միայն այն, որ կանաչապատ տարածքը հերթական մետաղական կառույցով են ուզում պատել, այլև երեխաների անվտանգ տեղաշարժի հարցն է, որոնք ստիպված են լինելու շրջանցել և փողոցով անցել այդ հատվածը՝ վտանգելով իրենց կյանքը:
«Ի՞նչ եք ուզում, որ դուրս գանք փողոց, որ ձեր մանդատները վայր դնեք: Դա էլ կանենք: Ես վատ եմ զգում, որ ոստիկանությունը զբաղված է այս գործով, սա այնքան ներքին գործ է: Անօրինական աշխատանք է կատարվում, առանց պայմանագրի քանդում են տարածքը»,- ասաց Բլեյանը՝ հայտարարելով, որ չեն նահանջի:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին, որ նշված շենքի հարակից տարածքից ոստիկանությունը հասարակական կարգը պահպանելու վերաբերյալ գրություն է ստացել, որի համար այցելել է նշված վայր: