Նոր տուգանային միավորների համակարգի շնորհիվ Հայաստանի ավտոճանապարհներն ավելի վերահսկելի կդառնան։ Այսօր կայացած ասուլիսին հայտարարեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը։
2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող տուգանային միավորների համակարգով յուրաքանչյուր վարորդին տրվելու է 9 բալ, որոնք մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում, վարորդը վեց ամսով զրկվելու է վարելու իրավունքից։
«Բալերը հանվում են վարորդի կատարված խախտումների դեպքում։ Ներառել ենք 25 խախտում, որոնք կարող են ստեղծել ամենավտանգավոր իրավիճակները ճանապարհին։ Խախտումները գնահատվում են 0.5–ից մինչև 4 միավոր' կախված խախտման տեսակից ու ծանրությունից։ 9 բալը սպառելուց հետո վարորդը երեք ամիս անց կարող է տեսական քննություն հանձնել և վերականգնել իր վարելու իրավունքը, կամ կարող է սպասել և վեց ամիս անց ինքնաբերաբար' առանց քննության, նրա վարելու իրավունքը կվերականգնվի», – մանրամասնեց Չիլինգարյանը։
ՃՈ ծրագրային ապահովման բաժնի պետ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց առցանց roadpolice.am հարթակը, որի շնորհիվ վարորդները կարող են հետևել իրենց բալերին։
«ID քարտով գրանցվելուց հետո համակարգը ցույց է տալիս, թե ինչ տրանսպորտային միջոց ունեք ձեր անունով գրանցած։ «Խախտումներ» բաժնում դուք կարող եք տեսնել ձեր բոլոր խախտումները, տուգանքների գումարային չափերը և յուրաքանչյուր խախտման միավորային արժեքը։ Ձեր անվան տակ կարող եք տեսնել ձեր առկա միավորների քանակը», – ներկայացրեց Հարությունյանը։
Առցանց հարթակում կարող են գրանցվել ոչ միայն ֆիզիկական անձինք, այլև իրավաբանականները, սակայն ղեկավարի անունով։ Տաքսի ծառայության ղեկավարը, օրինակ, կարող է մեկ տրանսպորտային միջոցին մի քանի վարորդ կցել և նշել, թե որ ժամերին որ վարորդն է վարում մեքենան։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին ԱԺ–ն միաձայն հաստատեց Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքների' ՀՀ կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթը, որը և ենթադրում է նոր բալային համակարգը։
Միաժամանակ նոր օրինագծերով նվազելու են տուգանքների չափերը։
Օրինակ' անսթափ վիճակում ավտոմեքենան վարելու համար գործող 150 000 տուգանքի փոխարեն կիրառվելու է 29 000 դրամ տուգանք, փոխարենը' անսթափ վարորդի բալերից հանվելու է միանգամից 4–ը։ Իսկ եթե անսթափ վարորդը հանրային տրանսպորտի կամ տաքսու վարորդ է, նա վարորդական իրավունքից 6 ամսով կզրկվի հենց առաջին խախտման դեպքում։
Միավորների հաշվարկը համապատասխանեցվել է այսօր գործող տուգանքների չափերին։
Այսպես' 5000 տուգանք նախատեսող խախտումները հաշվարկվելու են 1 միավորի չափով, 20-25 000 դրամանոց խախտումները' 2 բալ։ 3 բալանոց խախտումները երկուսն են' ավտոմեքենայի հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը և սահմանված արագությունը 31-50 կմ/ժամ–ով գերազանցելը, որի համար գործող օրենքով նախատեսված է 100 000 դրամ տուգանք։ Իսկ 4 միավոր հանվելու է սահմանված արագությունը 51-80 կմ/ժամ–ով գերազանցելու և անսթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար։
Ընդունված նոր օրենքների մի մասը գործելու է հունվարի 1-ից, մյուսները' սեպտեմբերի 1-ից։
Այսպես' տուգանային միավորների համակարգը տեսա և լուսանկահարանող սարքավորումներով հայտնաբերված իրավախախտումների համար կգործի 2020թ–ի հունվարի 1-ից, ճանապարհապարեկային տեսուչների կողմից հայտնաբերված իրավախախտումների համար' սեպտեմբերի 1-ից։
armeniasputnik.am