Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ այս տարի գործարկվեց «Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» կարգը, որը որոշ լրամշակումներից հետո այժմ ամբողջությամբ գործարկված է։ Այդ մասին հայտնում է գերատեսչությունը։
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ օրենքով սահմանված կարգով հայտեր ներկայացրած, ապա շրջակա միջավայրի նախարարության հետ պայմանագրեր կնքած բոլոր ձկնորսներն այժմ արդյունագործական ձկնորսություն են իրականացնում օրենքի սահմաններում, սահմանված կարգով ու չափաքանակներով։
Ձկնորսները լիճ են մուտք գործում կարգով նախատեսված, ազգային պարկի կողմից վերահսկվող 25 տեղամասերից, ապա ձկնորսությունն իրականացնելուց հետո վերադառնում են նույն տեղամաս, կշռում են որսված ձուկն ու արձանագրում որսը համապատասխան փաստաթղթերով։
Որսը թույլատրված է ինչպես փոքր Սևանի, այնպես էլ մեծ Սևանի հատվածներում։ Որսված սիգ ձկնատեսակը պետք է կշռի ոչ պակաս, քան 400 գրամ։ Ձկնորսությունը թույլատրված է իրականացնել ափից ոչ մոտ, քան 500 մետր հեռավորության վրա՝ օրենքով սահմանված չափորոշիչներով ցանցավանդակների միջոցով։
Կցված լուսանկարներն արված են Սևանա լճի ափին գտնվող Նորատուս գյուղի մոտ գտնվող տեղամասից, որտեղ ձկնորսները ձկնորսությունն իրականացնում են՝ հետևելով սահմանված կանոններին։
Կարգի հսկողությանն ու վերահսկողությանը ներգրավված են ՀՀ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տեսուչները և շուրջօրյա ջրային և ցամաքային պահնորդական ծառայություն իրականացնող հատուկ ջոկատի աշխատակիցները։
Պետության և ձկնորսների միջև փոխվստահության նախադրյալներն ու համագործակցության պատրաստակամությունն ակնհայտ են։
ՇՄՆ-մ նաև հիշեցնում է, որ ապօրինի որսված ձուկը ենթակա է առգրավվման, և հորդորում է բոլոր ձկնորսներին և մասնավոր կազմակերպություններին խստագույնս հետևել սահմանված կանոններին։