ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ ընդդիմությունը կարող է միայն «վերահսկիչ» պաշտոններ ստանձնել, եթե չի ցանկանում մաս կազմել իշխանությանը: Նրա կարծիքով, Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկի այն մասը, որը վերաբերում է որոշ պաշտոնների փոխանցմանն ընդդիմությանը, Սերժ Սարգսյանի համար անվտանգության երաշխիքներ է պարունակում:
«Սերժ Սարգսյանին տրվում են երաշխիքներ, որ անձամբ իրեն որևէ բան չի լինի, բայց իր համախոհներին սպասվելու է պատիժ, որովհետև ի՞նչ է նշանակում՝ դատախազի պաշտոնը հանձնել քրեաօլիգարխիկ համակարգից դուրս գտնվող որևէ մեկին, ի՞նչ է նշանակում՝ Վերահսկիչ պալատի հանձնում: Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանն իր բոլոր համախոհներին հանձնում է մեկ այլ քաղաքական ուժի վերահսկողությանը, որը կարող է օրենքի ամբողջ խստությունը կիրառել այս մարդկանց վրա: Սրանք են այն տարբերակները, որի շուրջ Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է գան ընդհանուր հայտարարի»,- 168.am-ին ասաց Անդրիաս Ղուկասյանը: Թե ինչպիսին կլինի վերջնական որոշումը, Անդրիաս Ղուկասյանը չի պատկերացնում, սակայն նշեց, թե նման պրոցեսները չեն փոխում քաղաքացիների մտածելակերպը: «Այդ բանակցությունների արդյունքում՝ ես չեմ կարծում, որ մեր հանրությունը ձեռք կբերի նոր քաղաքացիական որակ: Միայն պայքարը սեփական իրավունքների համար՝ կարող է փոխել մարդու գիտակցությունը»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը: Նա համաձայն չէ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի այն հայտարարության հետ, թե կարելի է մնալ ընդդիմություն' մաս կազմելով պետական կառավարման համակարգին: «Գործադիր մարմնի մասնակից լինել և իշխող կուսակցության նկատմամբ իրեն համարել ընդդիմադիր՝ որևէ քաղաքական ուժ չի կարող: Յուրաքանչյուր քաղաքական ուժ, որն իր վրա վերցնում է պատասխանատվություն գործադիր իշխանության քաղաքականության համար, իշխող ուժերի մաս է: Ընդդիմությունը կարող է վերահսկել «նեյտրալ» պաշտոններ: Կան պետության մեջ մարմիններ, որոնք պետք է լինեն չեզոք, բայց այսօր այդ մարմինների ղեկավարներին նշանակում է իշխող կուսակցությունը: Հնարավոր է' դա անի ընդդիմությունը, և իմ կարծիքով, դա ավելի ճիշտ է»,- կարծիք հայտնեց Անդրիաս Ղուկասյանը' նշելով, որ վերահսկիչ ֆունկցիան պետք է տրվի ընդդիմությանը: Նա նշեց 'օրինակ, ՀՀ գլխավոր դատախազի կամ Վերահսկիչ պալատի հանձնումն ընդդիմությանը ճիշտ կլինի: