Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Քննչական ծառայության միջնորդությունը։ Որոշումից դժգոհ մայրերն էլ նախաձեռնել են բողոքի ակցիա իրականացնել:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ակցիայի կազմակերպիչ, տուժող Հայկուհի Խաչատրյանի հետ:
«Բավական է Ռազմիկ Աբրահամյանը մնա ազատության մեջ, ուստի վաղը՝ հունվարի 10-ին, ժամը 11։00 հայտարարում եմ համահայկական բողոքի ակցիա, որին կարող են մասնակցել բոլորը, այդ թվում՝ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները: Նրանք կարող են իրենց բողոքի ձայնը բարձրացնել իրենց քաղաքներում, գյուղերում, բակերում, Հայկական եկեղեցու մոտ կամ հայկական հյուպատոսարաններում»,-ասաց նա։
Խաչատրյանի խոսքով՝ իրենք ակցիան իրականացնելու են Դատախազության գլխավոր շենքի մոտ և հնարավոր է նաև գնան դատարան:
«Մենք պահանջում ենք Ռազմիկ Աբրահամյանի կալանավորումը: Քանի որ ասում են, թե փաստ չկա կալանավորման համար, մենք՝ կենդանի փաստերով, քայլելով գնալու ենք ու կանգնենք նրանց դիմաց: Ու, եթե մինչ այժմ նրանք փաստերը չեն գտնում, ապա մենք կգնանք ու կկանգնենք նրանց դիմաց»,- նշեց նա: