1998 թվականին տղա երեխա եմ ունեցել կեսարյան հատումով, որն արել է Ռազմիկ Աբրահամյանը։ Երրորդ օրն ինձ ասացին՝ երեխադ լավ է, պատրաստվի, որ կերակրես։ Այս մասին այսօր' հունվարի 10-ին, Գլխավոր դատախազության առջև ասաց Ապօրինի որդեգրման գործով տուժող մայրերից մեկը։
«4-րդ օրն եկան և ասացին, որ երեխադ մահացել է։ Հարցրի՝ ի՞նչն է պատճառը, ասացին գիշերային հերթապահի անփութության հետևանքով։ Պահանջեցի երեխայի դին, ասացին թույլ չենք տալիս, միայն քննիչների միջոցով։ Մինչև այսօր ես իմ երեխային չեմ պատկերացրել, որ մահացած է։ Ես ծանր վիճակում եմ եղել, չեմ տեսել իմ երեխային, բայց ամուսինս տեսել էր և ասում էր, որ նա լավ է, միայն թթվածին էր միացված։ Ես անգամ մանկաբույժին հրավիրել էի պալատ հարցրել՝ երեխաս ինչպես է, նա պատասխանեց, որ իմ երեխայի վիճակը նորմալ է, պատրաստվեմ, որ կերակրեմ երեխային, ու այդպես էլ չբերեցին ու ես չտեսա իմ երեխային։ Թուրքը, որ թուրք է, իր երեխային իր ազգին կպահի, իսկ այս մարդը չգիտեմ՝ ինչ է արել հայ մայրերի հետ։ Այսքան մայր, որ այստեղ են և բողոքում են, ուրեմն նա մեղավոր է չէ, հո սուտ բաներ չեն խոսում։ Ես պահանջում եմ Ռազմիկ Աբրահամյանի կալանավորումը»,-ասաց տուժող մայրը։
Տուժող մայրն ասաց, որ արդեն հինգ ամիս է իր գործերը քննիչների մոտ է։