Հայաստանի ջրային կոմիտեի հերթական նախագահն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նման հրամանագիր է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 2018 թվականից արդեն երկրորդ նախագահն է, որ չի հասցնում պաշտոնավարել, առնվազն, մեկ տարի։ Պաշտոնազրկված Վարդան Մելքոնյանը կոմիտեի նախագահ էր նշանակվել 2019-ի մարտի 2-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով 2018-ի հուլիսի 10-ին նշանակված Ինեսսա Գաբայանին։ Նրա նշանակումը միանաշանակ չէր ընդունվել, շատերը գնահատում էին, որ Վարդան Մելքոնյանը չունի մասնագիտական փորձառություն՝ այդ ոլորտը ղեկավարելու գործում։
Առաջիկա գարնանային գյուղատնտեսական աշխատանքների նախօրյակին այս կառույցն առավել կարեւոր էր համարվում՝ գյուղատնտեսական ոռոգման աշխատանքները կազմակերպելու համատեքստում։ Ազատման պատճառների մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդվում, սակայն կան որոշակի հիմքեր՝ ենթադրելու, որ իշխանությունները այսպիսով փորձել են «ջրել» որոշակի բացահայտումներ, որոնք, կարծես թե, պատրաստվում էր, կամ, առնվազն, կարող էր նայել կոմիտեի նախագահը: Բանն այն է, որ 2019 թվականին կառավարությունն ԱԺ-ի թույլտվությամբ որոշեց Սևանից 2019 թ.-ին ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի ծավալն ավելացնել 170 մլն խ/մ-ով։ Ավելի ուշ հայտարարվեց, որ այդ ծավալն ամբողջությամբ չի օգտագործվել և ջրառը նախատեսվածից շուտ դադարեցվել է' անհրաժեշտության բացակայության հիմքով։ Վերջերս, սակայն, մամուլում ահազանգեր հայտնվեցին, որ Սևանից ջրառը շարունակվում է։ Պատկան կառույցներն այս տեղեկատվությունը չեն հերքել։ Ամիսներ առաջ ԱԺ-ում ջրային կոմիտեի նախագահը տարօրինակ անվանեց այն երևույթները, որ կատարվում են Սևանի մակարդակի բարձրացման և իջեցման շուրջ: Մինչ այդ էլ ջրային կոմիտեն պնդում էր, որ սեպտեմբերի 24-ից մի գրամ ջուր չեն հանել, բայց լիճը 3 սմ մակարդակով իջել է:
Ինչի՞ մասին էր ակնարկում Մելքոնյանը: Տարիներ շարունակ բնապահպանների կողմից կասկածներ են հնչել, որ գետի վրա կառուցված ՀԷԿ-երը սնուցվում են Սևանա լճի համար նախատեսված ջրերով՝ շահույթներ ապահովելով դրանց սեփականատերերին։ Իսկ ովքե՞ր են սեփականատերերը: Թեկուզ ՀԷԿ-երը տարածքում հայտնի են որպես «Սաշիկի ՀԷԿ-եր», պաշտոնապես ընկերության բաժնեմասի 50 %-ը գրանցված է Նարեկ Սարգսյանի անվամբ։ Նա նախագահ Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ նախկին դեսպան Լևոն Սարգսյանի որդին է: «Մինա-Մայա» ՍՊԸ-ն երկու ՀԷԿ է կառուցել Եղեգիսի վրա: Եղեգիսի վրա կառուցված առաջին ՀԷԿ-ը «Եղեգիս-1»-ն է: Տարածքում հայտնի է որպես ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի ՀԷԿ: Այս ՀԷԿ-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը Հակոբյան եղբայրներինն էր: ՀԷԿ-ի սեփականատեր են նաև նախկին պաշտոնյաներ Խաժակ և Սուրեն Կարայանները: Եղեգիս գետի վրա գործող հաջորդ ՀԷԿ-ը՝ «Գողթանիկը», շահագործում է «Հ.Հ.Ն.Մ.Ս.» ՍՊԸ-ն, որի 100% բաժնետերն է Հայկ Հրանտի Սուվարյանը, որը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի աղջկա ամուսինն է։ Սուվարյանն ընկերությունը ստեղծել է 2011-ին, երբ Տիգրան Սարգսյանը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը։
Փաստորեն, Ջրային կոմիտեի նախագահը գուցե և փորձելով պաշտպանել ինքն իրեն, գնդակը տեղափոխել էր այլ դաշտ՝ ակնարկելով ՀԷԿ-ի սեփականատերերի հետ ստվերային համաձայնությունները, երբ վերջիններս հին ու բարի ժամանակների նման մուծվում են և ստանում ջրաօգտագործման ապօրինի թույլտվություն՝ վնասելով թե՛ շարքային գյուղացիներին, թե՛ երկրի էկոհամակարգին: Իհարկե, Մելքոնյանը անուններ չէր նշել և մնում է միայն ենթադրել, խոսքը որևէ պատկան կառույցի ղեկավարի լիազորությունների հավանական չարաշահման մասին է, թե Մելքոնյանը նկատի ուներ ամենավերևներին, որոնք էլ որոշեցին, որ կոմիտեի ղեկավարը ճիշտ կանի հեռանա: Հնարավոր է, որ Մելքոնյանը չէր էլ պատրաստվում բացահայտումներ անել, սակայն ինչ-ինչ կերպով խոչընդոտում էր իշխանությունների գործողություններին և դա էլ դարձավ նրան աշխատանքից ազատելու պատճառը:
Նիկոլ Փաշինյանը մշտապես պնդում էր, որ Հայաստանում նման կարգի հարցերը, այն է ՀԷԿ-ի կառուցում, ջրաօգտագործման թույլտվություն և այլն, չեն կարող լուծվել առանց Սերժ Սարգսյանի դաբրոյի, իսկ ՀԷԿ-ի բիզնեսը, հանքերի բիզնեսի հետ մեկտեղ ամենաշահութաբերն է մեր երկրում՝ դա գաղտնիք չէ: Այսօր այդ բիզնեսի վրա, կարծես թե, կրկին աչք է փակվում, համենայնդեպս, եթե արդեն ջրային կոմիտեի նախագահի մակարդակով են հնչում ակնարկ-մտահոգություններ, ուրեմն մի բան իսկապես այն չէ: Իսկ, եթե այդ մտոհագությունները հնչեցնելուց հետո վերջինիս ազատում են աշխատանքից, ապա մտահոգվելու հերթը այլևս շարքային քաղաքացիներինն է, ովքեր շուրջ երկու տարի առաջ աջակցեցին Նիկոլ Փաշինյանին և իրականություն դարձրին հեղափոխությունը՝ հենց նման ստվերային համաձայնություններին և գործելաոճին վերջ տալու նպատակով…