Մինչև տարեվերջ օրը բոլոր ավտոմեքենաները մաքսազերծվել են։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Նա խոսքով՝ մեքենաները մաքսազերծելու համար տարվա վերջին օրերին մաքսատունն աշխատել է շուրջօրյա ռեժիմով․ «Մենք դեկտեմբերի 27-ին, վարչապետի հանձնարարությամբ մաքսազերծումը դարձրեցինք շուրջօրյա և այդ ռեժիմը հանեցինք ամսի 31-ի 10։00-10։30-ին, ինչո՞ւ, որովհետև որևէ մեքենա չէր մնացել, բոլոր մեքենաները մենք հասցրել ենք մաքսազերծել։ Նախնական հայտարարագրի գործիքից օգտվողների քանակը շուրջ 4700 է։ Այսինքն՝ հունվարին մենք 4700 մեքենա էլ ունենալու ենք նախնական հայտարարագրի գործիքի կիրառման արդյունքում, որը մեկ ամսվա հնարավորություն էր տալիս»,- ասաց նա՝ ընդգծելով, որ խոսքը և՛ աջակողմյան և ձախակողմյան ղեկով մեքենաքներին է վերաբերում։

Նա նշեց՝ 2020 թվականի հունվարի 1-ից, ուղղակի, վերացել է մեր այն բացառությունը, որ վերցրել էինք 5 տարի առաջ․ «Մեր կանխատեսումներով՝ որոշակի ծավալներ պահպանվելու են ավտոմեքենաների առումով, բայց բիզնես մտադրություն ունեցողների մտադրությունները, բնականաբար, այդ նույն ծավալներով չեն պահպանվելու, որովհետև տնտեսագիտության տեսանկյունից խելամտություն չկա»,- նշեց Անանյանը։

Նկատենք, որ թեև ՊԵԿ նախագահը փորձում է վստահեցնել, որ տարեվերջին բոլոր մեքենաները հասցվել են մաքսազերծել, սակայն օրեր առաջ ԼՈՒՐԵՐ․com ահազանգած աջ ղեկով մեքենաներ ավտոներկրողները հայտնել էին, որ իրենք ավտոմեքենաները հասցրել են ժամանակին տանել մաքսատուն, բայց բրոքերները, որոնք զբաղվում են միջնորդությամբ ու փաստաթղթավորմամբ, հրաժարվել են աշխատել իրենց հետ՝ ծանրաբեռնվածության պատճառով։ Մեր զրուցակցի խոսքով՝ օրենքի փոփոխության արդյունքում՝ 2020-ից աջ ղեկով մեքենաների մաքսազերծումն կազմելու է 5-6 անգամ ավել գումար, որի հետևաքնով այսօր կանգնել են փաստի առաջ։