«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տարածքում գտնվող շենքերում ապրող 67 ընտանիքներ այսուհետ կապրեն Հարավ-արևմտյան թաղամասում հատուկ իրենց համար կառուցված բնակելի շենքերում: Հունիսի 14-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շրջեց նորակառույց շենքերի տարածքում, ծանոթացավ պայմաններին:

 

Լրագրողների հետ զրույցում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն նշեց, որ օդանավակայանի տարածքում գտնվող շենքերում ապրում է 164 ընտանիք, որոնք ապրում են շատ վատ պայմաններում: Բացի այդ, նրանց առողջության համար վնասակար է օդանավակայանի տարածքում ապրելը: «Ուստի մենք որոշեցինք նրանց համար, ինչպես նաև օդանավակայանի կառավարման համար, ավելի լավ կլինի, որ տեղափոխվեն ավելի հարմար տեղ: Մենք Հայաստանի կառավարության և քաղավիացիայի վարչության հետ որոշեցինք կյանքի կոչել այս ծրագիրը և այսօր արդեն հանձնու մ ենք շենքերն այն մարդկանց, ովքեր ապրում են օդանավակայանում»,- ասաց նա:

 

Վենդեն ընդգծեց, որ երբ օդանավակայանի տարածքում ապրող բնակիչները կտեղափոխվեն նոր բնակարաններ, օդանավակայանի ղեկավարությունը կքանդի տարածքում գտնվող բոլոր շենքերը: «Տարբեր ծրագրեր ունենք, թե ինչպես ենք օգտագործելու հետագայում այդ տարածքը: Որոշ գաղափարներ արդեն կան տարածքի օգտագործման հետ կապված, սակայն այս պահին չենք ցանկանում դրանց մասին խոսել: Այդտեղ կարող է լինել ազատ տնտեսական գոտի, կամ այլ ծրագիր կարող է իրականացվել: Այս պահին հստակ բան չեմ կարող ասել»,- նշեց Վենդեն:

 

Ծրագիրն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլն արդեն ավարտվել է, որի արդյունքում օդանավականի տարածքում բնակվող 164 ընտանիքներից 67-ը կտեղափոխվեն նոր բնակարաններ: Բնակիչների տեղափոխումը նոր բնակարաններ կսկսվի 2014թ. հուլիսի 1-ից: Երկրորդ փուլի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ և նոր բնակարաններ կստանան նաև մնացած 97 ընտանիքները, որոնց տեղափոխումը նախատեսված է իրականացնել 2014թ. դեկտեմբերի 1-ին: Շենքերի կառուցման համար ՀՀ կառավարությունը Հարավ-արևմտյան թաղամասում հատկացրել է 7000 քմ տարածք: