Իրանական ուժերը դեռեւս չեն ավարտել վրեժխնդրությունը Միացյալ Նահանգներից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ալ Ղուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: Այդ մասին հայտարարել է «Ալ Ղուդս»-ում երկրի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեիի ներկայացուցիչ Ալի Շիրազին:
«Մենք դեռեւս չենք ավարտել վրեժխնդրությունը թշնամիներից Սոլեյմանիի ու նրա զինակիցների սպանության համար»,-հունվարի 13-ին նրա խոսքը մեջբերել է Fars գործակալությունը: Շիրազիի խոսքով՝ «պարտադիր չէ, որ պատասխան գործողություններն իրականացվեն միայն Իրանի կողմից, դիմադրության ճակատը եւս իր կողմից ակտիվորեն վրեժ է լուծելու»:
Իրանում դիմադրության ճակատ են անվանում բոլոր դաշնակիցներն ուժերը տարածաշրջանում, որոնց խնդիրը «համաշխարհային իմպերիալիզմին» դիմակայելն է:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Իրանի մշատական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ Ռավանչին հայտարարել է, որ Իրանն ավարտել է վրեժխնդրությունը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար եւ նոր ռազմական գործողություններ չի ձեռնարկի ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի բացակայության դեպքում: «Մեր բոլոր գործողությունները համաչափ էին Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: Դրանք ավարտված են: Եթե ԱՄՆ-ն այլեւս ռազմական գործողություններ չձեռնարկի Իրանի նկատմամբ, մեր կողմից՝ մենք նույնպես չենք ձեռնարկի նման գործողություններ»,- ընդգծել է նա: Մինչ այդ Մաջիդ Թահթ Ռավանչին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ Անվտագության խորհրդին: Ուղերձում Իսլամական Հանրապետությունն իրազեկում է իրականացված գրոհի մասին եւ հավաստում, որ «հակամարտության էսկալացիա չի փնտրում»:
Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոյի տեղեկատվության համաձայն, ավիավթարի հետեւանքով զոհվել է 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ; Զոհերի մեծ մասը Կանադայի եւ Իրանի քաղաքացիներ են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: