«Արշավիր Ղարամյանը կարևոր և ելակետային դեր ունի բանակի հարցում եւ Արցախի ազատագրման հարցում, նա մարդ է, ով շատ հստակ քայլերով է գործել, դա պատմությունն է ցույց տալիս: Իսկ այն մարդիկ, որոնք հարձակումը գործեցին, իրենք փորձում են իրենց քաղաքական շահը գերադասել այն արժեքներից, որի մասին ես իրականում խոսել եմ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանի վերջին հայտարարություններին եւ դրանց վերաբերյալ սուր արձագանքներին:
Պատգամավորի կարծիքով' դա զարմացնող եւ միեւնույն ժամանակ անընդունելի երեւույթ էր. «Եթե Արշավիր Ղարամյանը անօրինակություն է արել, թող պատժեն օրենքով: Դա, առհասարակ, չի անտեսի այն հանգամանքը, որ նույն Արշավիր Ղարամյանը մեկ տարի առաջ իր հետախուզական ջոկատով կարեւորագույն օպերացիա իրականացրեց, այն հանգամանքը, որ Արշավիր Ղարամյանը Շուշիի ազատագրման մեջ մեծ ազդեցություն է ունեցել: Ես խոսում եմ այդ մարդու անցած ճանապարհի մասին, որն արժեւորում եմ եւ գտնում եմ, որ մարդկանց պետք է կենդանության օրոք գնահատել»,- նշեց Հովսեփյանը:
Ընդհանրացնելով վերջերս ֆեյսբուքյան հարթակում անընդհատ շարունակվող քննարկումներն ու կոնֆլիկտային իրավիճակները՝ պատգամավորն ընդգծեց.
«Հասարակության մի շարք ներկայացուցիչներ, մասնավորապես, քաղաքական ուժեր, չեն տարբերակում իրենց անձնական ամբիցիաները, առհասարակ, հասարակության վերաբերմունքից եւ, երբ որ այս կամ այն անձի մասին գրառում է լինում, կամ ինչ-որ հրապարակումներ է լինում, ելնելով իրենց էդ պահի շահերից սկսում են գնահատել դրական կամ բացասական»:
Հովսեփյանի խոսքով, դա բացարձակապես անընդունելի քայլ է: