Երեկ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հարցերով հանձնաժողովի նիստում քննարկվեց ՀՀ պետական մրցանակների մասին օրենքի նախագիծը:

Ըստ նախագծի՝ պետական 10 մրցանակ է նախատեսվում՝ գրականության եւ հրապարակախոսության ոլորտում, երաժշտության եւ կատարողական արվեստների ոլորտում, կերպարվեստի ոլորտում, թատերական արվեստի ոլորտում, կինոարվեստի ոլորտում, ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտում, ճշգրիտ եւ բնական գիտությունների ոլորտում, հումանիտար եւ հասարակական գիտությունների ոլորտում, առանձին միջազգային գիտական մրցանակ է նախատեսվում Վիկտոր Համբարձումյանի անվան՝ աստղաֆիզիկայի, ինչպես նաեւ դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում: Ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակ է լինելու: Հանվում են կառավարության որոշումով նախատեսված կրթական մրցանակները, ինչպես նաեւ ֆիզկուլտուրայի հետ կապված մարզական գյուղ, մարզական քաղաք մրցանակները, որովհետեւ կառավարության այլ որոշումներ կան դրանց հետ կապված:

Օրենքի նախագծի հարակից զեկուցող, «Իմ քայլ»-ի պատգամավոր Արթուր Մանուկյանը ձեռնպահ քվեարկեց նախագծին ու կոշտ քննադատեց պետական մրցանակների հետ կապված մոտեցումները: Թե ինչու՝ փորձեցինք պարզաբանել հենց Արթուր Մանուկյանից:

«Օրենքից պարզ չէր, թե ինչ առաջնահերթությամբ պետք է տրվեն այդ մրցանակները: Չես հասկանում՝ մրցանակը տրվում է, որովհետև էս մարդն իրոք արժանի է, թե, որովհետև կան սուբյեկտիվ պատճառներ: Էդ մարդը, ում վաստակավորի կոչում են տալիս, պետությանն է ծառայել, թե՞ իշխանությանը»

Մանուկյանի պնդմամբ՝ օրենքում  պիտի հստակ շեշտվեն այնպիսի դրույթներ, որոնք կընդգծեն, որ պետությունն է արժևորում մրցանակ ստացողին, ոչ թե իշխանությունը:

«Անունը պետական մրցանակ է, բովանդակությունը՝ իշխանական: Փողոց դուրս եկեք, հարցրեք մարդկանց, տեսեք՝ ոնց կարտահայտվեն պետական մրցանակների, կոչումների մասին, բոլորն էլ կասեն, որ էդ մրցանակները հաճախ շնորհվել են մարդկանց, ովքեր իշխանությանը ծառայություններ են մատուցել: Մրցանակը պետք է այս օրենքով գոնե վերաարժևորել: Եթե մենք փոխում ենք բովանդակությունը երկրի, ապա փոխում ենք ամեն ինչի բովանդակությունը: Ես շատ արվեստագետ ընկերներ ունեմ, որոնք արժանի են և ունեն մրցանակներ, բայց կան նաև մարդիկ, ովքեր արժանի են և չունեն մրցանակներ, որովհետև եղել են տարբեր խանգարող հանգամանքներ: Էդ մրցանակը վիրավորված է, խոցոտված է, էնքան անարժեք մարդկանց են տվել էդ մրցանակը, որ իրական արվեստագետները ասում են՝ մեզ պետք չի, մեզ պետք չի լինել Արմենչիկների շարքերում: Իրեն հարգող մարդն էդպես կասի, միանշանակ»:

 

Աիդա Կիրակոսյան